Սուտ ցուցմունք է տվել

18:01 | Փետրվար 08, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ:

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Բագրատունյաց 13» համատիրության նախագահ Ի. Զաքարյանը, խախտելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ե» ենթակետի, 8-րդ եւ 12-րդ կետերի պահանջները, առանց բնակիչների համաձայնությունն ստանալու նույն համատիրության հսկիչ Գ. Բոդուրյանի հետ նախնական համաձայնությամբ 2007թ. օգոստոսի 6-ին կազմել, ստորագրություններով եւ համատիրության կնիքով հաստատել են ակնհայտ կեղծ փաստաթուղթ, որի հիման վրա Չեխովի 15 շենքի ընդհանուր բաժնային սեփականությունից 68 քմ մակերեսով նկուղային տարածքն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվել է հիշյալ շենքի բնակիչ Ա. Մկրտչյանին:

Բացի այդ` Ի. Զաքարյանը եւ Ա. Մկրտչյանը վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին դիմումի հիման վրա` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործի քննության ընթացքում սուտ ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր 2007թ. օգոստոսի 6-ին տեղի է ունեցել շենքի սեփականատերերի ընդհանուր ժողով, որի որոշման միաձայն որոշմամբ վերոնշյալ նկուղային տարածքը սեփականության իրավունքով հատկացվել է Ա. Մկրտչյանին: Վերջինս նաեւ կեղծ արձանագրությունը ներկայացրել է դատարան: Դատարանը, հիմք ընդունելով սուտ ցուցմունքներն ու կեղծ արձանագրությունը, 2009թ. մայիս ամսին վճիռ է կայացրել դիմումը բավարարելու վերաբերյալ:

Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի եւ 338-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն` նախաքննությունն իրականցնելու համար:
Հայտնում է Գլխավոր դատախզության մամլո ծառայությունը:

Արխիվ
Rambler's Top100