Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության` Էրեբունու բաժնի հերթապահ մասի օպերատիվ հերթապահի օգնական Մայիս Պետրոսյանը 2009թ. նոյեմբերի 4-ին` ժամը 14:15-ի սահմաններում, լքել է օպերատիվ հերթապահի սրահը եւ մտել հանգստի սենյակ:
Արդյունքում` հերթապահ մասի սրահում գտնվող կալանավոր, գողության մեջ մեղադրվող Գուրգեն Ասատրյանը հայտնվել է հսկողությունից դուրս եւ օգտվելով այդ հանգամանքից` դիմել է փախուստի: Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Մայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

