Թուրք հյուրերը հանդիպեցին ԱԺ կանանց

16:12 | Նոյեմբեր 26, 2009 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ԱԺ էր այցելել Թուրքիայից ժամանած մտավորականների և կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը:

Պատվիրակությունը Հայաստանում է ՙՈւրբան՚ կայուն զարգացման հիմնադրամի ՙԵվրաինտեգրումը և գենդերային հարցերը՚ ծրագրի շրջանակներում: Թուրքական պատվիրակությունը ցանկություն էր հայտնել հանդիպել Հայաստանի ԱԺ կին պատգամավորների հետ և քննարկել կանանց հիմնախնդիրների լուծման ազգային ծրագրի և եվրաինտեգրման գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ` ՀՀ որդեգրած քաղաքականության մի շարք կարևոր հարցեր:

Թուրք հյուրերին ընդունեցին խորհրդարանի կին պատգամավորները: Նրանք հույս հայտնեցին, որ սկսված հայ-թուրքական երկխոսության արդյունավետությանը իրենց նրբանկատությամբ ու մեղմությամբ կնպաստեն նաև կանայք:

Բոսֆորի համալսարանի գիտաշխատող Դեմիր Ռահիմե Բուլութը տեղեկացրեց, որ ուսումնասիրում է 1900թ-ի սկզբին հայատառ թուրքերենով գրող հայ գործիչների աշխատությունները: Այդ ուսումնասիրության ճանապարհին ինքը բազմաթիվ հետաքրքիր փաստերի է հանդիպել Թուրքիայում հայերի ակտիվ գործունեության և մեծ դերակատարության վերաբերյալ: Ի պատասխան ասվածի, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. ՙ Ես ուախ եմ, որ դուք զբաղվում եք պատմության ուսումնասիրմամբ, վստահ եմ որ կլինեք անաչառ՝ դրանով օգնելով Թուրքիային ընդունելու պատմական ճշմարտությունը, որովհետև ցանկացած պետություն հզոր է դառնում նաև իր անցյալն ընդունելով՚:

Պատվիրակության ղեկավար, Ֆաթի համալսարանի դոցենտ Քաֆեր Ուլուն զբաղվում է հայ-թուրքական հարաբերություների ուսումնասիրությամբ, հեղինակն է ՙՀայերը Թուրքիայում՚ ծավալուն աշխատության, որի մի օրինակը նա նվիրել է Հայաստանի ԱԺ գրադարանին:
Թուրքական պատվիրակները կարծիք հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հասարակական շփումները, ինչին ի պատասխան, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե հասարակություններն իրենք կարող են ազդել պետական քաղաքականության վրա, և վստահություն հայտնեց, որ թուրք հասարակությունը կունենա համարձակություն ընդունելու պատմական ճշմարտությունը՝ ազդելով իր երկրի պետական դիրքորոշման վրա, դրանով նպաստելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

Հանրապետական պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի և Կարինե Աճեմյանի կարծիքով ակտիվ հանդիպումները միայն հնարավորություն կտան լավ ճանաչել միմյանց, բացի այդ, կարևոր է, որ սկզբնական փուլում հանդիպում են մտավորականության ներկայացուցիչները, ովքեր ի վիճակի են հասարակական կարծիք ու ուղենիշ ձևավորել:

ՙԺառանգություն՚ խմբակցությունը ներկայացնում էին Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը և Զարուհի Փստանջյանը: Նրանց կարծիքով, որքան մեծ լինի երկու հասարակությունների շփումը, այնքան կամրապնդվի վստահությունը, և որքան պատմությունն ազնիվ ներկայացվի, այնքան կշահեն երկու ժողովուրդները: Ըստ  ՙԺառանգության՚ կին պատգամավորների, երկկողմ շփումներում միջնորդներ պետք չեն:

Թուրք պատվիրակները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, անկաշկանդ զրույցի համար, հույս հայտնելով, որ նման հանդիպումներն , իսկապես, կնպաստեն սկսված հայ-թուրքական երկխոսության ակտիվացմանը:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 

Արխիվ
Rambler's Top100