Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ ղեկավար Յանեշ Լենարչիչին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարար Նալբանդյանը, գնահատելով ԺՀՄԻԳ դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության սկզբունքների առաջմղման հարցում, նշեց, որ Երեւանը կարեւորում է համագործակցությունը գրասենյակի հետ:
Յանեշ Լենարչիչը, գոհունակություն հայտնելով Հայաստանի իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին Վարշավայում ԺՀՄԻԳ կենտրոնակայան այցելելու համար:
Զրույցի ընթացքում կարևորվեց գրասենյակի աջակցությունը թե' ընտրական գործընթացների բարելավման, թե' դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն իրենց նպաստն են բերում այս ոլորտում առաջընթաց գրանցելու համար:
Նախարար Նալբանդյանն ու ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-ի տնօրենի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ չափանիշների բացահայտ խախտում է:

