Բուդապեշտում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հունգարիայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ կարդինալ Պետեր Էրդոյին:
Հունգարիայի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ և հունգար ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններին ու շփումներին:
Սարգսյանն ընդգծել է, որ եկեղեցին, հատկապես պետականության բացակայության պայմաններում, ուրույն ու անգնահատելի պատմական դերակատարություն է ունեցել հայ ու հունգար ժողովուրդների մղած ազգային ազատագրական պայքարում: Կարդինալ Պետեր Էրդոն ևս, անդրադառնալով հայ ու հունգար ժողովուրդների պատմական ընդհանրություններին, նշել է. ՙՀայ եւ հունգար ժողովուրդները դարեր տևած տանջանքներից ու զրկանքներից հետո վերհառնելու ու վերածնվելու մեծ փորձ ունեն՚:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հունգարիայում մեր հայրենակիցներն ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ և օգտվում են այդ կարգավիճակի ընձեռած բոլոր հնարավորություններից` պահպանելով իրենց ազգային ինքնությունը:
Այսօր օրվա երկրորդ կեսին, ավարտելով իր պետական այցը Հունգարիա, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսի հրավերով աշխատանքային կարճատև այցով ժամանել է Կալինինգրադ:-

