Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետին:
ՙՀայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում հարաբերությունների հետագա խորացումը՚,- ասել է Սարգսյանը եւ վստահություն հայտնել, որ արտգործնախարարի այցը երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված եւս մեկ քայլ կլինի:
Երկրի ղեկավարը Հայաստանի համար հետաքրքիր եւ օգտակար է համարել Բալթյան երկրների անցած ճանապարհն ու կուտակած փորձը:
Սարգսյանը բարձր է գնահատել Էստոնիայի ներգրավվածությունը Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի կազմում, մեծ նշանակություն է տվել նրանց աշխատանքին եւ ասել, որ Հայաստանը ձգտում է առավելագույնս օգտվել ԵՄ ՙԱրեւելյան գործընկերության՚ ընձեռած հնարավորություններից:
Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ ասել, որ իր այցը միտված է համակողմանի փոխգործակցության ընդլայնմանը:
Նա տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան են ժամանել էստոնացի գործարարներ, ովքեր իրենց հայ գործընկերների հետ փորձում են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել: Նշելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը' Սերժ Սարգսյանն ասել է, որ փոխադարձ ճանաչելիությունը դեռեւս բավարար չէ եւ կարեւորել է հայ-էստոնական տնտեսական համաժողովի անցկացումը:
Սարգսյանը կարեւորել է նաեւ կրթական, մշակութային համագործակցության զարգացումը եւ ասել, որ Հայաստանն այս տարի տոնելու է հայ մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը, ով իր կյանքի մի մասն ապրել է Էստոնիայում եւ սովորել Տարտուի համալսարանում:
Հայաստանի Նախագահը եւ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը խոսել են նաեւ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի փոխադարձ դյուրացման հնարավորության մասին:
Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

