Օբաման չօգտագործեց '' ցեղասպանություն'' բառը

00:34 | Ապրիլ 25, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման   իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով հայերեն բառերով՝ «Մեծ Եղեռն»:

Ուղերձի տեքստում  մասնավորապես ասված է.

ՙ94 տարի առաջ սկսվել է 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկը: Ամեն տարի դադար ենք առնում` հիշելու համար 1.5 միլիոն հայերին, ովքեր հետեւողականորեն կոտորվել են կամ մահվան երթի տարվել Օսմանյան Կայսրության գոյության վերջին օրերին:

Մեծ Եղեռնը պետք է մնա մեր հիշողության մեջ այնպես, ինչպես մնում է հայ ժողովրդի սրտերում:
Չընդունված պատմությունը կարող է ծանր բեռ լինել: Ինչպես 1915-ի սարսափելի իրադարձություններն են մեզ հիշեցնում անմարդկային մթին երեվույթի մասին, այնպես անցյալի հետ առերեսվելը հաշտեցման զորավոր խոստում է պարունակում:

Ես շարունակաբար կրկնել եմ 1915-ին կատարվածի մասին իմ անձնական տեսակետը եւ այն չի փոխվել: Շարունակում եմ շահագրգիռ մնալ փաստերի լիակատար, անկեղծ եւ արդար ճանաչման մեջ:

Հենց հիմա այդ նպատակին հասնելու լավագույն միջոցը հայ եւ թուրք ժողովուրդների համար առաջ շարժվելու իրենց ջանքերի շրջանակում անցյալի փաստերի հետ առեսեվելն է: Մեծապես սատարում եմ պատմության այս ցավոտ էջի հետ անկեղծ, բաց եւ կառուցողական ձեւով աշխատելու` հայ եւ թուրք ժողովուրդների ջանքերը: Այդ ուղղությամբ հայերի եւ թուրքերի միջեւ, ինչպես նաեւ հենց Թուրքիայի ներսում համարձակ եւ կարեւոր երկխոսություն է ծավալվել: Նաեւ մեծապես սատարում եմ երկկողմ հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերը: Շվեյցարիայի աջակցությամբ երկու կառավարությունները համաձայնվել են կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ: Հավանություն եմ տալիս այս առաջընթացին եւ կոչ եմ անում իրագործել դրա պարունակած խոստումը: Հայաստանն ու Թուրքիան միասին կարող են կերտել խաղաղ, արդյունավետ եւ զարգացող հարաբերություններ: Եւ միասին հայ եւ թուրք ժողովուրդներն ավելի ուժեղ կլինեն` ընդունելով իրենց համատեղ պատմությունն ու մարդկային հատկանիշները:

Ոչինչ չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի զոհ գնացածներին: Բայց այն ներդրումը, որ հայերն ունեցել են վերջին 94 տարիների ընթացքում վկայությունն են հայ ժողովրդի տաղանդի,  ճկունության ու ամենամեծ նախատինքն են նրանց, ովքեր փորձել են իրենց բնաջնջել:

ԱՄՆ-ը շատ ավելի հարուստ երկիր է ծագումով հայ բազմաթիվ հայերի շնորհիվ, ովքեր ներդրում են ունեցել մեր հասարակությունում եւ ովքեր մեր երկիր են ներգաղթել 1915-ից հետո: Այսօր ես նրանց եւ ամենուրեք գտնվող մյուս հայերի կողքին եմ` բարեկամության, համերաշխության եւ խորը հարգանքի զգացումով'':

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100