Վերջին օրերին դրամը ինտենսիվորեն արժեզրկվում է: Դոլարն այսօր արդեն գնվում- վաճառվում է 402-407 դրամով:
«Նախկինում ԿԲ-ը հաճախ դիմում էր ոչ շուկայական մեթոդների` փոխանակման կետերի վրա ճնշում, պատժիչ միջոցառումների կիրառում եւ այլն: Այսօր պրեսինգ տեղի չի ունենում, եւ արժեզրկումը կլինի աստիճանաբար»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն ու հավելեց. «Կառավարությունը ոչինչ չարեց քաղաքացիների` ճգնաժամի հասցրած վնասները հատուցելու համար»:
Տարադրամի փոխանակման մի քանի կետեր մեր այցելություններից պարզվեց, որ վերջին օրերին մարդիկ ավելի շատ արտարժույթ են վաճառում, քան գնում: Ըստ փոխանակմամբ զբաղվողների` 2009-ի մարտի 3-ը կարող է կրկնվել:
Ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` դրամը ժամանակին արհեստականորեն արժեւորվել է ԿԲ կողմից: Այսօր ունենք նաեւ վճարման հաշվեկշռի բացասական մնացորդ. «Ոչինչ չենք արտահանում, դոլար չենք աշխատում, միայն դրսից ուղարկած փողերն են,իսկ ինչ գնում ենք` դոլարով է, հայրենական արտադրությունն էլ սպանվել է: Մյուս կողմից` ներմուծողների երկիր ենք, ներմուծումների մենաշնորհներ ունենք, այստեղ խառնվում է նաեւ նախագահը` իր մենաշնորհներով, նրանց ձեռնտու է էժան դոլարը»:
Իսկ գուցե կառավարությունը դեռ որոշ քայլեր կձեռնարկի՞:
«Չեն կարողանում դոլարը էժանացնել: Փող չունեն: Իսկ ԿԲ պահուստները ԱՄՀ-ը վերահսկում է»,-ընդգծեց նախկին վարչապետը եւ ասաց. «Առաջիկա վեց ամիսների ընթացքում դրամը կշարունակի արժեզրկվել. «Կարող են մեծ վարկ վերցնել եւ փորձել այս միտումը կանգնեցնել: Եթե սա բացառենք, դոլարը կբարձրանա մինչեւ 420-450»:
Այսօրվա դրությամբ արդեն իսկ մի շարք ապրանքներ թանկացել են:
«Միայն գազի սակագնի բարձրացումը յուրաքանչյուր ընտանիքի համար լրացուցիչ ծախս կբերի, միջինը` 7000 դրամ: Ջուրը նույնպես թանկացել է, բենզինն էլ` 7 տոկոսով: Կթանկանա քաղաքային տրանսպորտը, էլեկտրաէներգիան, ամեն ինչ»,-ասաց Բագրատյանը:

