«Աշխարհում ոչ ոք չի ասել, որ ճգնաժամն ավարտված է»,- Ի տարբերություն էկոնոմիկայի նախարարի, կարծում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա այսօր խորհրդարանում լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ չբացառեց, որ կարող է ճգնաժամի երկրորդ փուլ սկսվել։ «Այն պետությունները, որ 4-6 տոկոս անկման տեղը աճ են ունեցել, չեն համարձակվում ասել, որ ճգնաժամն անցել է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վերջերս ասել էր, թե Հայաստանում ճգնաժամը հաղթահարված է:
Ըստ Գագիկ Ծառուկյանի, «նախարարը իր տեղում չի, չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ էլ տնտեսական վիճակին»: Սերժ Սարգսյանին տեղեկացրե՞լ եք այդ մասին հարցին` Ծառուկյանը պատասխանեց, որ նա այդ մասին գիտի և համապատասխան քայլեր արդեն ձեռնարկում է։
«Ամեն ինչ չի կարելի երկրի նախագահի վրա թողնել։ Մարդ երկու հարյուր աշխատող ունի, չի կարողանում ինչպես հարկն է հետևել։ Պետք է հետևողական լինել և ծառայել ժողովրդին, ոչ թե ամեն ինչ վերագրել նախագահին»,- ասաց Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի գնահատականները նորություն չեն: Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում հյուրընկալած Ծառուկյանն ուղղակի հայտարարեց, որ եթե Ներսես Երիցյանի տանը ֆինանսական վիճակը լավացել է, չի նշանակում, թե երկրում ճգնաժամն ավարտվել է:

