Չնայած լոլիկն ու վարունգը ամենաշուտը մայիսին են հասնում Հայաստանում, սակայն ամբողջ տարվա ընթացքում այն վաճառվում է:
Շուրջ տարին վաճառասեղաններին հայտնված այս բանջարեղենը հիմնականում ներկրված է: Վաճառակետերի աշխատակիցների հավաստմամբ` հիմնականում այս սեզոնին վաճառում են Թուրքիայից ներկրված լոլիկ եւ վարունգ, շատ քիչ քանակությամբ նաեւ ջերմոցներում աճեցրած:
«Տեղական եւ դրսից բերված պոմիդորի գինը 500-1000 դրամի տարբերություն է տալիս: Հիմա սա, որ Թուրքիայից է ներկրված, 1000 դրամ արժի, իսկ ջերմոցներինը չեմ գնում ու վաճառում, քանի որ 1600 դրամ արժի.դա շատ քչերն են գնում:Իսկ դրսից բերվածների գնի վրա ընդամենը 50-100 դրամ ենք վաստակում: Վարունգն էլ նույն գնին է»,- ասաց վաճառողներից մեկը:
Այսօր պոմիդոր եւ լոլիկ աճեցվում է Մասիսի, Արտաշատի, Արարատի եւ Էջմիածնի ջերմոցներում:
«Իհարկե, նախընտրելի է, որ տեղական ջերմոցինը վաճառենք: Կան հարուստներ, որ միայն դա են նախընտրում, բայց լինում է, որ չեն գնում: Ի դեպ, ամռանը, երբ հողի պոմիդորը բավականին շատ է, նույնիսկ այդ ժամանակ մենք շարունակում ենք դրսից ներկրվածը վաճառել, քանի որ ավելի էժան է»,- պնդում են նրանք:
Ըստ մաքսային եկամուտների կոմիտեի տվյալների` 2009թ. Հայաստան է ներկրվել ավելի շատ լոլիկ, քան վարունգ, մչնչդեռ 2008թ. հակառակն է եղել:
2009թ.-ին Հայաստան է ներկրվել 139 տոննա լոլիկ, նախորդ տարվա 121 տոննայի դիմաց, որի մաքսային արժեքն է կազմել 346 000 ԱՄՆ դոլար: Այսինքն` 1 կգ մաքսային արժեքը կազմել է մոտ 2,5 դոլար:
2009թ. Հայաստան է ներմուծվել 131 տոննա վարունգ նախորդ տարվա 168 տոննայի փոխարեն, որի մաքսային արժեքն է 337 000 ԱՄՆ դոլար: Այսինքն` 1 կգ մաքսային արժեքն է մոտ 2,6 դոլար: Ընդ որում, 1-3-րդ եռամսյակներում ներկրվել է 23 746կգ, որի մաքսային արժեքն է կազմել 55 000 ԱՄՆ դոլար:
2009թ. արտահանվել է 621 տոննա լոլիկ եւ 45 տոննա վարունգ: Լոլիկի մաքսային արժեքն է կազմել 145 000 ԱՄՆ դոլարը, իսկ վարունգինը`12 000 ԱՄՆ դոլար:

