2009թ. 51 մլն մարդ կզրկվի աշխատատեղերից եւ ըստ ՄԱԿ-ի տվյալների` աշխարհում կլինի մարդասիրական ճգնաժամ:
Իսկ այսօր փաստն այն է, որ հարուստները տնտեսական ճգնաժամից ավելի են տուժել, քան աղքատները: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի `պատճառն այն է, որ աղքատները հիմնականում սպառում են սննդամթերք, իսկ պահանջարկի գլոբալ կրճատման արդյունքում սննդամթերքի միջազգային գներն ընկել են: Սակայն, ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի ասելով, քանի որ հարուստներն ունեն ռեսուրսներ եւ հարուստ ընկերներ, ապա կարող են հեշտությամբ հաղթահարել ճգնաժամը: Մինչդեռ աղքատները չունեն այդ հնարավորությունը:
Այսօր տեղի ունեցած «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա» համաժողովին նա նաեւ նշեց մի քանի հանգամանքներ, որոնք կարող են օգնել աղքատներին` հաղթահարելու ճգնաժամը:
Օրինակ` ցածր գնաճը եւ ֆինանսական հատվածի կայունությունը կարեւոր են, որպեսզի կարիքավորները չկորցնեն իրենց հնարավորությունները եւ ասենք` բանկերից կարողանան վարկեր վերցնել: Կարեւոր է նաեւ լողացող փոխարժեքի արդյունքում արտահանման խթանումը, քանի որ այս դեպքում աշխատատեղեր կստեղծվեն: Ներմուծումը եւս, ըստ նրա` կարեւոր է, քանի որ այս դեպքում էլ կարիքավորները հնարավորություն կունենան էժան ապրանքներ ձեռք բերել:
Համաժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության ծրագրերն ու ռազմավարությունը աղքատության վերացման ուղղությամբ: Նրա վստահեցմամբ` նպաստառուները պաշտպանված են: Այդ նպատակով նույնիսկ վերանայվել են բյուջետային պարտականությունները եւ տեղաշարժեր արվել ծախսերի մեջ` անցնելով օպերատիվ կառավարման, այն է` եռամսյակային ծախսերի:
Կառավարության կողմից ՀՀ համայնքներին տրամադրված շուրջ 700 մլն դրամը, ըստ Տիգրան Սարգսյանի, նպատակային չի ծախսվում: Դրանց արդյունավետ օգտագործման համար կհամադրվեն նաեւ ՀԲ-ի տրամադրված միջոցները:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն էլ լավատեսորեն նշեց, որ Հայաստանը ցածր եկամուտ ունեցող երկրների ցանկից անցել է միջին եկամուտ ունեցողների ցանկ: Ինչպես նաեւ` 2004թ. համեմատությամբ 2008թ. 54 տոկոսով կրճատվել է ծայրահեղ աղքատությունը: Նրա ասելով` սոցիալական իրավիճակի վրա բացասաբար կազդեն ապրիլմեկյան թանկացումները, տրանսֆերտների 25 տոկոս նվազումը, ինչպես նաեւ` արտագնա աշխատանքի մեկնողների կրճատումը:
Այդ պատճառով ՀՀ Կառավարության հակաճգնաժամային ծրագրի 3 հիմնական նպատակներն են կանխարգելումը, հետեւանքների մեղմումը եւ կայունացումը: Դրա համար անհրաժեշտ են օրենսդրական դաշտի կարգավորում, կառավարման արդյունավետության բարձրացում եւ այլն: ՀՀ շուրջ 300 համայնքներում արդեն 400 սոցիալական ծրագրեր են իրականացվում 5 հազար մարդու աշխատանքի տեղավորելու ուղղությամբ:
Ի դեպ, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ընդգծեց, որ իրենց կանխատեսումներով` եթե ՀՀ Կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա կհայտնվի ռիսկի խմբում եւ մինչ այսօր նրա ունեցած ձեռքբերումները կփոշիանան:

