Այսօր Երաժշտության տոնն է

11:29 | Հունիս 21, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր` հունիսի 21-ին, Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը։

Այն անց է կացվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Տոնը կնշվի նաեւ հանրապետության մարզերում: Մասնավորապես 7 մարզերի (Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Կոտայք) 24 քաղաքներում և գյուղերում տեղի կունենան համերգներ, տեղի ստեղծագործական ներուժի մասնակցությամբ։

Համերգները սկսվել են ժամը 11-ից: Անգլիական այգում ժամը 11.00-13.00-ը տեղի է ունենում համերգ Մանկապատանեկան փողային նվագախմբերի մասնակցությամբ:

Երեկոյան` ժամը 20-ին, ռոք համերգ տեղի կունենա Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն): Իսկ Սիրահարների այգում կարելի է լսել ջազ և ֆոլկ, ինչպես նաև ՙՕգրը դը Բարբակ՚ և ՙԼավաշ՚ ֆրանսիական էթնո-ջազ խմբերի համերգ։ Ֆրանսիական խմբերը համերգներով հանդես կգան նաև Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում և Գորիսում։

Ողջ երեկո համերգներ են լինելու Աբովյան փողոցի սրճարաններում ու ռեստորաններում:

Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և 430 քաղաքներում։

Այն ժողովրդական տոն է և նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսևորումներին, ինչպես նաև հնարավորություն տալ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսևորվել հանպատրաստից համերգների միջոցով։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100