Հայաստանում sms հանգանակությամբ մոտ 2000 դոլար է հավաքվել` Հայիթի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար:
Հայկական Կարմիր Խաչի նախաձեռնել է օգնության արշավ, որին իրենց ներդրումը կարող են ունենալ սովորական քաղաքացիները` ուղարկելով sms հաղորդագրություն: Յուրաքանչյուր sms-ի համար բաժանորդից գանձվում է 500 դրամ: Հայկական Կարմիր Խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղազարյանի կարծիքով` Սպիտակի երկրաշարժի ցավը զգացած հայ ժողովուրդը չէր կարող անտարբեր մնալ եւ չօգնել:
«Ներդնումը ոչ միայն ֆինանսական է, այլեւ նաեւ բարոյական: Մեր ժողովուրդը չի կարող անմասն մնալ եւ պարտավոր է արձագանքելու իր հնարավորության սահմաններում»,-«Ա1+»-ին ասաց նա:
Դրամահավաքը կշարունակվի եւս 20 օր: Ի դեպ, առաջիկայում ՀԿԽԸ հայ կամավորները պատրաստվում են Երեւանի կենտրոնական փողոցներում դրամահավաք իրականացնել` վերստին Հայիթի ժողովրդին օգնելու համար:
Հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կողմից որակվել է իբրեւ «վերջին տասնամյակների ամենալուրջ հումանիտար ճգնաժամերից մեկը»: Զոհերի թիվը հասնում է 200000-ի:
Ի դեպ
Եթե դուք ուզում եք մասնակից դառնալ ՀԿԽԸ` Հայիթի ժողովրդին օգնելու ակցիային, ապա կարող եք դրամական նվիրատվություն կատարել 2 եղանակով.
1. բանկային փոխանցման միջոցով՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության հաշվեհամարին.
1150000234040400 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ։
2. SMS հաղորդագրության միջոցով.
ուղարկելով HAITI բառը 3009 կարճ համարին՝ կնվիրաբերեք 500 դրամ։

