«ՓՅՈՒՆԻԿԻ» 2-ՐԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը մոտենում է ավարտին: Հերթական տուրում առաջատար «Փյունիկը» 1:2 հաշվով պարտվեց «Բանանցին»: Վերջինիս կազմում առաջին կեսում հաշիվը բացեց Արամ Հակոբյանը: «Բանանցի» ռմբարկուն 62-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը:
«Փյունիկին» Լեւոն Պաչաջյանի շնորհիվ 76-րդ րոպեին հաջողվեց միայն կրճատել հաշիվը: Չնայած պարտությանը «Փյունիկը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Դինամո Զենիթ» - «Միկա» խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն 2-րդ կեսում «Միկայի» ֆուտբոլիստները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ հաղթելով խոշոր 3:0 հաշվով:
«Էսթեղլալ Կոտայքը» Սամվել Պետրոսյանի խփած 2 գոլերի շնորհիվ հաղթեց «Կիլիկիային»:
«ՇԻՐԱԿԸ» ՄՆԱՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ
Գյումրիի «Շիրակը» կարողացավ իր տեղը պահպանել ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում՝ անցումնային խաղում խոշոր 5:1 հաշվով հաղթելով «Գանձասարին»: Չնայած խաղասկզբում հաշիվը բացեցին «Գանձասարի» ֆուտբոլիստները, սակայն փորձառու «Շիրակը» արդեն առաջին կեսում 2 անգամ հաջողության հասնելով առաջ անցավ հաշվի մեջ:
2-րդ կեսում «Շիրակի» առավելությունը արդեն բացահայտ էր, եւ գյումրեցիների եւս 3 անգամ գրավեցին «Գանձասարի» դարպասը՝ իրավունք ստանալով հանդես գալ 2006թ. բարձրագույն խմբի առաջնությունում:
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին խմբային փուլում: Վերջին 3-րդ խաղում Հայաստանը 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Լատվիայի 19 տարեկանների հետ, որոնց հարկի տակ էլ անցկացվում էր այս մրցաշարը:
Այս խմբից պայքարը կշարունակեն Ուկրաինայի եւ Սերբիայի հավաքականնները: Վերջին 3 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը պայքարից դուրս է մնում հենց առաջին փուլից:
ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈԼԵՐ ԽՓԵԼ
Հայաստանի հավաքականի եւ ուկրաինական «Ստալի» հարձակվող Արա Հակոբյանը իր 6-րդ գնդակը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: «Ստալ» - «Զակարպատյե» հանդիպման 9-րդ րոպեին Հակոբյանը մոտ 20 մետրից հուժկու հարվածով բացեց է խաղի հաշիվը, ինչի շնորհիվ «Ստալը» կարեւոր հաղթանակ է տոնել 1:0 հաշվով:
Այս մրցավեճում Արան կարող էր եւս մի քանի անգամ աչքի ընկնել, սակայն վճռական պահերին նա անսպասելիորեն վրիպում էր: Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը այս անգամ հանդես չեկավ Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, որը 0:2 հաշվով պարտվեց «Շախտյորին»:
ԿԱՍՊԱՐՈՎԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը հայտնել է, որ չի պատրաստվում է վերադառնալ մեծ սպորտ: Ներկայումս քաղաքականությամբ զբաղվող Կասպարովը բացառել է, որ ինքը կարող է հանդիպել աշխարհի նոր չեմպիոն Վեսելին Թոփալովի հետ. «Այլեւս մտադիր չեմ վերադառնալ շախմատ: Եթե մտադրություն ունենայի, ապա դա կապ չէր ունենա կոնկրետ Թոփալովի կամ որեւէ ուրիշի հետ: Շարունակում եմ աշխատել գրքերի վրա եւ փորձում եմ չմոռանալ շախմատ խաղալ»:

