Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-Ն ՍՏՈՒԳՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնտեսություն

Հայ-ամերիկյան Տնտեսական համագործակցության աշխատանքային խումբը 2000 թվականից մինչ օրս գումարած նիստերը երկու օրում էր ավարտում, հիմա սկսել են մեկօրյա աշխատանքով բավարարվել: Այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 10-րդ նիստը: Նշենք, որ դրանք տարեկան գումարվում են մեկական անգամ` յուրաքանչյուր երկրում, այնպես որ այս տարվա հաջորd նիստի հերթը ԱՄՆ-ինն է:

Վաղ առավոտից մինչեւ երեկո հյուրանոցում տնտեսական համագործակցության խումբը խորհրդակցում էր, թե ինչպես կարելի է Հայաստանում կրճատել աղքատների քանակը, հատկապես` գյուղական բնակավայրերում:

«Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամից» (ՀՄՀ) Հայաստանին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակության մասին ամերիկյան պաշտոնյաները վաղաժամ համարեցին որեւէ բան ասելը: «Մենք ուրախ ենք, քաջալերված ենք այդ ծրագրով գումար ստանալու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտից»,- այսօրվա նիստի վերջում լրագրողներին պատասխանեց տվեց ՀՄՀ կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասին: Նա առաջին անգամ էր ներկա գտնվում Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (ՏՀՀԱԱԽ) նիստին:

«Ալեքս Ռասին այսօր իր ներկայությամբ զարդարել է, պերճանք է հաղորդել մեր աշխատանքներին»,- գործընկերոջը հաճոյախոսեց Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: ՀՄՀ կորպորացիայի ներկայացուցիչը այնուամենայնիվ ներկաներին հուսադրեց, թե` «Հայաստանին փող տալը միայն երկու երկրների պատվիրակների համատեղ աշխատել կարողանալուց է կախված»:

ՀՄՀ ծրագրով այս տարի արդեն ֆինանսական օգնություն է ստացել Մադագասկարը, իսկ Վրաստանը, Հոնդուրասը, Նիկարագուան եւ Քաբովերդը ստանալու են վերջնական փուլում են:

ՏՀՀԱԱԽ ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ աջակցության Եվրոպայի ու Եվրասիայի կոորդինատոր Թոմ Ադամսը այսօր նիստից հետո լրագրողներին հաղորդեց, որ իրենք մանրամասն են քննարկել Հայաստանի մակրոտնտեսական առաջընթացը, ուսումնասիրել են Հայաստանի ընդունակությունները` օտարերկրյա ներդրումների համար գրավիչ դառնալու առումով:

Քննարկվել են նաեւ իրավական համակարգին տրամադրվելիք օգնության ու ահաբեկչության դեմ պայքարի մասին խնդիրներ: Օրակարգում նախատեսված է եղել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների վիճակի քննարկումը, սակայն ԱՄՆ պատվիրակության ղեկավարը նկատեց, որ այդ մասին խոսել են մակերեսորեն: