Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԴՈԼԱՐԻ ՀԱՄԱՐ

Տնտեսություն

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վահե Գաբրիելյանի հավաստմամբ, այսօր Հայաստանում դոլարի փոխարժեքի անկումը բացատրվում է դրամի արժեւորմամբ եւ տնտեսական աճով, իսկ ինչ վերաբերում է հետագայում փոխարժեքի հնարավոր տատանումներին, ապա ԿԲ-ն կմիջամտի փոխարժեքի կտրուկ տատանումների հարցում:

Այսօր ՀՀ ԿԲ-ում ասուլիսի ժամանակ պարոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում արդեն արձանագրվել է 10% տնտեսական աճ, գնաճի 3%, որն, ի դեպ, պարոն Գաբրիելյանի խոսքերով, բավականին ցածր է անցած տարիների համեմատ: Իսկ ինչ վերաբերում է որոշ ապրանքների գների բարձրացմանն, ապա պարոն Գաբրիելյանի խոսքերով, այս հարցում մեծ ազդեցություն ունեն միջազգային գները: Ըստ նրա, եթե, օրինակ` բենզինի ներմուծումը 2004 թվականին եղել է մոտ 370 000 տոննա, ապա անգամ ամենախիստ հաշվարկներով, դրամի ուժեղացումից չստացված եկամուտները բենզինի ակցիզային հարկից չեն գերազանցում 30 միլիոն դրամը:

Այսօր Հայաստանի բնակչությունը մեծապես օգտվում է, բայց չի գոյատեւում արտաքին տրանսֆերների հաշվին, կարծում են ԿԲ-ում: ՀՀ բնակչության միայն աշխատավարձերը, որոնք տրվում են ՀՀ դրամով, կազմում են ՀՆԱ առնվազն 40-50%-ը` շուրջ 1 միլիարդ 500 000-ից մինչեւ 1 միլիարդ 800 000 ԱՄՆ դոլար:

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքյուի խոսքերով, այսօր Հայաստանում նկատվում է դրամի փոխարժեքի կայունացում եւ հաստատեց այն միտքը, որ երկրում տնտեսական աճ է արձանագրվում: Նրա համոզմամբ, այսօր մարդկանց վստահությունը դրամի նկատմաբ ավելացել է, ինչը բացատրվում է դոլարի փոխարժեքի անկայունությամբ. «Դրամի արժեքավորումը արհեստական երեւույթ չէ, այլ ընդամենը տնտեսական աճի հետեւանք»: