Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱԹԱՐՄ ՊԱՏՐՎԱԿԸ

Տնտեսություն

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը վերջերս ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցչի հետ զրուցելիս նոթատետրում գրառել է նրա մտքերից մեկը: Նախարարն այսօր նոթատետրից կարդաց այդ արտահայտությունը. «Հայկական դրամի արժեւորումը երկրի տնտեսական աճին զուգորդող ցուցանիշ է»: Նա նաեւ իր կողմից ավելացրեց. «Դա կարելի է տարածել ոչ միայն Հայաստանում, որովհետեւ տնտեսական աճերը միշտ էլ զուգորդվում են տվյալ պետության արժույթի դեֆլյացիայով»:

Այսօր երկրի տնտեսական ու իրավական պատասխանատուներն ամերիկյան գործընկերների հետ երկար քննարկեցին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության, «Հազարամյակների մարտահրավերների ծրագրով» Հայաստանին գումար տրամադրելու մասին հարցերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դոլարը նախորդ տարի համաշխարհային շուկայում շարունակական ինֆլյացիայի ենթարկվեց: Վարդան Խաչատրյանի նոթատետրի գրառումների վրա հենվելով` կարելի է կարծել, որ տնտեսական «նվազումների» պատճառով արժեզրկված դոլար ունեցող պետությունը դեռեւս պատրաստակամ է ֆինանսական օգնություններ տրամադրել երկնիշ աճ արձանագրած երկրների:

Վերջին տասը տարում ԱՄՆ կառավարությունը 1.6 միլիարդ դոլարի զարգացման կամ մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը այսօր անդրադարձավ նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս Մաքյույի այն հայտարարությանը, թե` իրենք են մեր կառավարությանը խորհուրդ տվել արժեվորել հայկական դրամը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հնարավոր մեծ գնաճից:

Նախարարն ասաց. «Ես զարմանում եմ, թե Մաքյույի արտահայտությունը ինչու է այդպիսի արձագանք գտել: Մենք միշտ էլ ԱՄՀ-ի հետ իրականացնում ենք դրամավարկային քաղաքականություն, նախորդ տարի նպատակ էինք դրել ապահովել 3 տոկոս սղաճ, եւ միջոցառումներ են իրականացվել այդ սղաճին հասնելու համար»: