Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԲԻԶՆԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Գյումրի քաղաքի 3 բնակիչ մեղադրվել է թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվելու համար: Ի դեպ, երեքն էլ կին են:

Ամեն ինչը սկսվեց 2004 թվականի սեպտեմբերին, երբ Սուսաննա Մանուկյանը ազգությամբ վրացի ոմն Մալխասից 425 հազար դրամով ձեռք բերեց առանձնապես խոշոր չափի՝ 17 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց: «Գնումը» նա ապօրինի պահել է իր տանը եւ մաս-մաս վաճառել տարբեր անձանց: Նույն Սուսաննա Մանուկյանի խնդրանքով Արեւհատ Հակոբյանը վերցրել եւ իր տնակում ապօրինի պահել է 0,5 գրամ «հերոին»:

Երրորդ ամբաստանյալ Գոհար Հակոբյանը նույնպես կապ ունի առաջին ամբաստանյալ Սուսաննա Մանուկյանի հետ: Վերջինիս տանը ապրելու ժամանակ Գոհար Հակոբյանը ննջասենյակի հատակը մաքրելիս հայտնաբերել ու իր տնակում պահել է 0,5 գրամ նշված տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված թմրամիջոցները խուզարկության ժամանակ առգրավվել է, իսկ ամբաստանյալներին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական Օրենսգրքի համապատասխան:

Նշենք, որ Գոհար Հակոբյանն ու Սուսաննա Մանուկյանը 2000թ-ին եւս նման հանցանք են գործել եւ դատապարտվել 3 տարի ազատազրկման, սակայն վաղաժամկետ ազատ են արձակվել: Ամբաստանյալ Արեւհատ Հակոբյանն էլ բարձրագույն կրթություն ունի եւ աշխատել է գրադարանում: