Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՈԳԻ ԿՏԱՆ,ԿԱԼՈՆԿԱ ՉԵՆ ՏԱ»

Քաղաքականություն

«Որեւէ մեկը չի կարող անպատիժ ձեւով հողատարածքային զիջում անել եւ խարակիրի չլինել քաղաքական առումով»,- այսօր «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանը:

Անդրադառնալով մարտի 29-30-ը ԱԺ-ում ԼՂ հարցով կազմակերպված լսումներին՝ նա նշեց, որ չսպասելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին՝ առաջին անգամ Հայաստանն ինքն է ներկայացնում զիջումների տարբերակ, այն էլ ոչ թե հայանպաստ, այլ «Ադրբեջանի կոշտացող դիրքորոշմանը համահունչ»: Ըստ նրա, եթե Հայաստանը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի սկսման դեպքում կորուստներն ավելի ծանր կլինեն:

Նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը զարմանում է՝ ինչպես կարելի է ընդհանրապես զիջումների մասին խոսել: Նրա համար հատկապես անընդունելի է, որ այդ մասին խոսում է ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը: Նա մի շարք բարձրաստիճան զինվորականների (որոնց անունը հասկանալի պատճառով չցանկացավ հրապարակել), ազատագրմանը մասնակից զինվորների ու նաեւ նահատակների անունից հայտարարեց. «Պարոնայք, Ձեր այս ընթացքը դավաճանական է, դադարեցրեք, եւ եթե ոչ՝ խիստ պատժվելու եք»: Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ կան ազգային խնդիրներ, որոնք ընդհանրապես քննարկման առարկա դառնալ չեն կարող. այդ թվում ազատագրված տարածքների հարցը:

Սեֆիլյանը վստահեցնում է , որ Սերժ Սարգսյանը, ինչպես վերջինս էր ասում, 1990-ականներին զիջումների մասին չի խոսել:«Հայ մարտիկները չէին հանդուրժի, եւ նա տեղում պատասխան կտար»,- բացատրեց նա: Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ զիջումների մասին խոսողներին պիտի առաջարկել «իրենց տասնյակ կալոնկաներից, ստրիպտիզ բարերից մի երկուսը տալ»: «Հոգին կտան, կալոնկա չեն տա»,- շարունակեց նա: Ինչ վերաբերվում է ԼՂ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ վերջերս մամուլում ներկայացված «զիջումների վերաբերյալ» ակնարկներին, ապա Սեֆիլյանը պատասխանեց, որ նախկինում Բաբայանը այդպես չէր մտածում, բայց դա կմեկնաբանի միայն վերջինիս հետ հանդիպելուց հետո: Սեֆիլյանը կարծում է, որ արեւմուտքը ավելի կհարգեր մեզ, եթե «մեր տան տերը լինեինք»: Իսկ ընդհանրապես՝ «մեզ հետ հաթաթայով չէին խոսի», մեր ղեկավարությանը «լակոտի տեղ չէին դնի», եթե կարողանայինք ստեղծել բարոյական պետություն:

Ասուլիսի վերջում Ժիրայր Սեֆիլյանը երիտասարդներին, որոնք ակցիա էին սկսել «այլասերված Կիրկորովի դեմ», առաջարկեց նմանատիպ ակցիա սկսել «սուպեր ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի ներկայացուցիչ, դեսպան Կազիմիրովի դեմ, որը «եկել, մեզ սովորեցնում է՝ ի՞նչ է, ո՞րն է մեր հայրենիքը»: