Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ` ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

Քաղաքականություն

Երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ապրիլի 12-ին ժամը 18.00-ին նախատեսվում է ընդլայնված հանրահավաք, որտեղ կընթերցվի կառավարությանն ուղղված մի նամակ հետեւյալ բովանդակությամբ` մինչեւ մայիսի 3-ը հրապարակել ազատ հաճախականությունների ցանկը:

Այսօր Ժուռնալիստի տանը հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց Ա1+ հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ցանկը չհրապարակելու դեպքում կշարունակվեն ազատ խոսքի պաշտպանությանը եւ Ա1+-ին նվիրված ակցիաները: Կոմիտասի արձանի մոտ շարունակվում են ազատ խոսքի պաշտպանությանը նվիրված ստորագրահավաքները, որոնք կշարունակվեն մինչեւ ապրիլի 12-ը: Մեսրոպ Մովսեսյանը տեղեկացրեց նաեւ, որ շարունակում է ձերբակալված մնալ Ա1+ հեռուստաընկերության մեքենան: «Մինչեւ այսօր չնայած տարբեր ալիքներով ասում են, որ ինչ-որ հոդված պիտի նշանակվի, մեզ գրավոր ոչինչ չեն ասել... Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չկա, որ կարողանանք ինչ-որ բան անել»,-նշեց Ա1+ հեռուստաընկերության նախագահը:

Հիշեցնենք, որ Ա1+-ի մեքենան համապատասխան ձայնային սարքավորումներով ձերբակալվել է ապրիլի 2-ին ազատ խոսքին եւ Ա1+-ին նվիրված ակցիայի ժամանակ, որի ընթացքում երիտասարդական եւ հասարակական, լրագրողական կազմակերպությունները պահանջում էին հրապարակել ազատ հաճախականությունների ցանկը: Ի դեպ, Մեսրոպ Մովսեսյանը նաեւ տեղեկացրեց, որ ազատ հաճախականությունների հրապարակման մասին այդ պահանջին կառավարությունը դեռեւս չի արձագանքել: «Կառավարությունը համառորեն լռում է, մենք էլ համառորեն սպասում ենք»,-ասաց նա:

Ա1+ հեռուստաընկերության նախագահը տեղեկացրեց նաեւ, որ Եվրադատարանը Ա1+-ի հարցը կլսի հավանաբար ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: «Երբ որ գործը վարույթ կվերցվի, ես հույս ունեմ, որ դրանով կշտկվի ինչ-որ բարձիթողի բաներ Հայաստանում»,-ասաց պարոն Մովսեսյանը:

Ա1+-Ը ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ

«Գիտե՞ք, աշխարհի վերջը չէ, որ Ա1+-ը փակվել է»,-այսօր լրագրողներին ասաց Մեսրոպ Մովսիսյանը: Միաժամանակ նա հիշեցրեց, որ Քոչարյանը խոստացել էր հորինել Ա1+-ը: «Բայց ինչի՞ կրկնօրինակել»,-հարցնում է Ա1+ հեռուստաընկերության նախագահը:

Մի առիթով նա ասել էր, որ մամուլը եւ հեռուստատեսությունը մի քայլ առաջ պիտի լինեն արտգործնախարարությունից: Վերջին 3 տարիները նրա մեջ ամրապնդել են այդ համոզմունքը: «Քողարկելով գոյություն ունեցող պրոբլեմները, լղոզելով սուր անկյունները, ազգովի սպասում ենք, թե դուրսն ինչ որոշում պիտի կայացնի Հայաստանի վերաբերյալ: Բոլորն սպասում են, թե դրսի քեռիներն ինչ որոշում պիտի կայացնեն Հայաստան բալիկի մասին»,-ասաց պարոն Մովսեսյանը:

Ա1+-Ը ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՉՍՏԱՑԱՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փակված լինելու 3 տարիների ընթացքում մեզնից ի՞նչ էիք ակնկալում եւ ի՞նչ չստացաք»,-այսպիսի հարց ուղղեց Մեսրոպ Մովսեսյանին «Հանրային ռադիոյի» թղթակիցը:

«Ես ակնկալում էի, որ մեր օրինակը, այս աղմուկը կաշխատեր մամուլի, հեռուստաընկերությունների համախմբման օգտին: Բայց նրանք ուրիշ ուղի ընտրեցին: Հեռուստատեսությունը բիզնես է, բայց նաեւ` իդեոլոգիայի զենք: Իսկ թե ով է ղեկավարում այդ զենքն, արդեն ուրիշ հարց է»,-պատասխանեց Ա1+ հեռուստաընկերության նախագահը: