Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԲԵՐԱՆԸ ԴԵՌ ՉԵՆ ՓԱԿԵԼ

Քաղաքականություն

Հայ Արիական Միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը չի պատրաստվում բողոքարկել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ Արմեն Ավետիսյանին վճռվել է 3 տարի պայմանական ազատազրկում` 2 տարի փորձաշրջանով:

Այսօր բավական մեծ ընդմիջումից հետո Արմեն Ավետիսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա որոշել է չդիմել Հայաստանի «արդարադատությանը», քանի որ նախ` սկզբունքային առումով իր համար ընդունելի չէ դիմել մի համակարգի, որը վստահելի չէ, եւ ըստ Ավետիսյանի՝ հատկապես այդ համակարգն է, որ ղեկավարվում է դրսի ուժերի կողմից: Այդ համակարգ դիմելով եւ խնդրելով` ավելի կնվաստացվի իր կարգավիճակը, կարծում է Արմեն Ավետիսյանը: Բացի այդ, նա վստահ է, որ նոր հայցը ոչ մի լուծում չի գտնի. «Ես չեմ ընդունում այդ համակարգը եւ երբեք չեմ ստորագրել այդ համակարգի արձանագրությունների տակ»:

Արմեն Ավետիսյանի դատական գործը, այսինքն՝ 1 հատորը 155 էջից է բաղկացած. երկու երրորդից ավելին միջնորդություններ են ի օգուտ Արմեն Ավետիսյանի, 1 երրորդն էլ մամուլից պատճենահանված նյութերն են, իսկ մեղադրանքը մի քանի էջ է: Ըստ Ավետիսյանի՝ փաստորեն չկա գործ. «Զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ ե'ւ հսկիչները, ե'ւ այդտեղ գտնվող ոստիկանները հասկացան, որ սա ձեւական բնույթ է կրում, եւ լուրջ մեղադրանք չարվեց»: ՀԱՄ նախագահը նաեւ նշեց, որ եթե մեղադրանքը եւ դատավճիռը իրար կողք դրվի, ապա կերեւա, որ երկու քույրերի են նմանվում՝ նույն հոդվածներից մեջբերումներ, նույն բառերն ու արտահայտությունները:

Արմեն Ավետիսյանը իր վճիռը համարում է բերանը փակելու, փական դնելու, ահաբեկելու հոդված, բայց նրան չի կանգնեցնելու այդ որոշումը, ընդհակառակը. «Ես կալանավայրում բավականին թրծվեցի, լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնք մինչեւ վերջ էլ ինձ մեղավոր չհամարեցին»:

Ի դեպ, պարոն Ավետիսյանը չի բացառում, որ կրկնվի իր մեղադրանքը, նաեւ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն իր հետ, բայց, այնուամենայնիվ, նա կշարունակի իր գործունեությունը: