Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀՐԱՏԱՊ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Քաղաքականություն

Ավիացիայի մասնավորեցման գործընթացը ղեկավարում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վստահ է ԱԺ-ի «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքը:
Ավիացիայի մասին օրենքի տակ ստորագրելով Ռոբերտ Քոչարյանը այդ փաստը կհաստատի նաեւ իրավաբանորեն, այսօր հայտարարեց «Սահմանադրական Իրավունք» Միության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը:

Հանդես գալով հայտարարությամբ, խմբակցությունը միաժամանակ գրավոր դիմում է հանրապետության նախագահին եւ կոչ անում չստորագրվել «Ավիացիայի մասին» օրենքի տակ: Այս օրենքով Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին նվիրաբերում է արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանին, նշեց պարոն Բաբուխանյանը:

Հայտարարության մեջ խմբակցությունը նաեւ ընդգծել է, որ այսօրվա արտահերտ նիստի օրակարգում տեղ գտած փաթեթով Հայաստանի Հանրապետությունը հայտարարվում է Էռնեկյանին նվիրաբերված «Զվարթնոց» օդանավակայանին կից տարածք:

«Իրավունք եւ Միաբանություն» խմբակցությունը հրաժարվում է հայրենիքի ինքնիշխանության մի մասը վաճառելու նպատակով հրավիրված արտահերթ նիստին մասնակցելուց: Վաղը խմբակցությունը կհրավիրի կլոր սեղան «Ավիացիայի մասին» օրենքի վտանգավոր հետեւանքները քննարկելու համար:

Պայմանագիրը նպատակաուղղված չէ «Զվարթնոցի» զարգացմանը: Մասնավորեցման պայմանագրով կառավարչին տրված արտոնությունները այլ բան են հուշում, կարծում է պարոն Բաբուխանյանը: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա պայմանագրի մեջ այդ մասին խոսք չկա: Արգենտինահայ Էռնեկյանին Հայաստանը թույլ է տալիս ավիացիան սեփականաշնորհելուց միայն 6 ամիս հետո հայտնել, թե ինչպես է վարվելու Զվարթնոցի հետ: Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի հարց բարձրացնելը հրատապ է, գտնում է պարոն Բաբուխանյանը :

Խմբակցությունը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, որը ունի ծրագիր, պատկերացնում է Ռ. Քոչարյանի հեռանալուց հետո ինչ է անելու: Հայկ Բաբուխանյանը 13 կուսակցություններին առաջարկում է ընդհանուր ծրագիր մշակել եւ նախագահական ընտրություններին պաշտպանել միասնական թեկնածուի: