Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

«Ազատ խոսքը արժանապատվություն է եւ արժանապատիվ ապրելու համար է»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ Կոմիտասի արձանի հարեւանությամբ ի պաշտպանություն «Ա1+»-ի տեղի ունեցող ակցիայի ժամանակ: Այստեղ այսօր քննարկվում էր՝ ինչ է ազատ խոսքը եւ ինչի համար է:

Ըստ իրավապաշտպանի, այնպես, ինչպես հիմա ենք ապրում, արժանապատիվ չէ. «Այսպես ապրում էինք նաեւ սովետների ժամանակ, ի՞նչ իմաստ ուներ փոխել այն: Փոխեցինք, որ կարողանանք ազատ խոսքը տնօրինել, փոխեցինք, որպեսզի կարողանանք պաշտպանել եւ պահպանել իր արժանապատվությունը: Փոխեցինք, որպեսզի կարողանանք, հպարտ ապրել եւ առաջ քայլել»: Վարդան Հարությունյանը ասում է, որ մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը եւ այդ անելու ենք: Իսկ ե՞րբ..«Ժամանակը նշանակություն չունի», -պատասխանեց նա:

Չորրորդ օրն է՝ շարունակվում է ստորագրահավաքը ազատ հաճախականությունների հրապարակման եւ բաց, թափանցիկ մրցույթ անցկացնելու պահանջով: Այսօր իրենց ստորագրությունը այս պահանջի տակ դրեցին ԱԺՄ անդամները՝ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Ակցիան կշարունակվի նաեւ վաղը՝ ժամը 18-21-ը: