Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ...

Քաղաքականություն

Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման Դե Կրոոն հիացած է հայ ժողովրդի հյուրասիրությամբ, հինավուրց պատմությունով, Գառնիով ու Գեղարդով. «Հայաստանը մի նավ է, որը պատմության ալիքների վրա ունեցել է դժվար կյանք»,- ասաց Բելգիայի խորհրդարանի ղեկավարը: Նա նաեւ «դաշնակցաբար» նկատեց, որ Հայաստանը 3 ծովերի, 3 մեծ լեռների եւ 3 մեծ լճերի միջեւ ընկած երկիր է:

Բելգիայի խորհրդարանի ղեկավարը հայտարարեց, որ այսօր Հայաստանը փորձում է իր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին. սա նման է դիպլոմ ստանալուն: «Սակայն առանց այդ օրենքները գործածելու ոչինչ չի փոխվի, ինչպես ոչինչ չարժե դիպլոմն առանց գիտելիքի»,- ասաց Հերման Դե Կրոոն:

Նա նաեւ բավականին էկզոտիկ բացատրեց Հայաստանի դիրքը տարածաշրջանում. «Ասենք կա երեք հարեւան. նրանց դռները բացվում են դեպի փողոց: Հայաստանի դուռը ամբողջ պատմության ընթացքում բացվել է դեպի հարեւանի այգին եւ նա ստիպված է փողոց դուրս գալ հարեւանի այգու միջով: Ինչպես կյանքում է անհնար հարեւաններին ընտրել, այնպես էլ այստեղ: Դուք ունեք երկու հարեւան՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնց հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ»: Պարոն Դե Կրոոն հայտարարեց, որ հայ պաշտոնյաների մոտ տեսել է պատրաստակամություն հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Թերեւս նա տեղյակ չէ, որ օրինակ Թուրքիայի սահմանը բացելու առումով նախապայմաններ դնում է հենց Թուրքիան, ոչ թե Հայաստանը: Սակայն, ամեն դեպքում հանդուրժողականության կոչ արեց պատմելով, որ Բելգիան էլ 2 անգամ նվաճված է եղել գերմանացիների կողմից, սակայն այսօր իրենք նույն միության կազմում են՝ ԵՄ, նույն դրամից են օգտվում, իսկ Բելգիան դրանից իր ազնվությունը կամ հեղինակությունը չի կորցնում:

Հերման Դե Կրոոն տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Թուրքիայից եւ մեկնելու է Ադրբեջան ու Վրաստան: