Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՆՀՆԱՐ Է ՔՆՆԱԴԱՏԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ»

Քաղաքականություն

«Ես ավելի շատ ժամանակ եմ խորհրդարանի անդամ, քան ձեր խորհրդարանի խոսնակի տարիքն է. 37 տարի: Ու այս երկար տարիների ընթացքում միշտ դժվար եմ հասկացել մեծամասնությանը, սակայն անհնար է քննադատել ընդդիմությանը»,- այսօր ԱԺ-ում տված ասուլիսի ժամանակ հայտարարեց Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման Դե Կրոոն:

Հայաստան ժամանած Բելգիայի պատվիրակության կազմում 3 ընդդիմադիր եւ 4 մեծամասնության պատգամավորներն էին: Պատվիրակությունն ի դեպ, հանդիպել է հայկական ընդդիմության հետ: 2 օրվա ընթացքում բելգիական պատվիրակությունը հասցրել է հանդիպել հանրապետության վարչապետի, ԱԺ խումբ-խմբակցությունների, Ֆրանսիական համալսարանի 400 ուսանողների, ինչպես նաեւ ադամանդագործության ներկայացուցիչների ու բժիշկների հետ: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 20 մլն դոլար Բելգիայի խորհրդարանը հատկացրել է առողջապահության համակարգին եւ աջակցում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերականգնողական աշխատանքներին: Հայաստանն ու Բելգիան հիմնականում համագործակցում են կրթության, մշակույթի, առողջապահության եւ տնտեսության ոլորտներում:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի պատվիրակության այցը առաջին պաշտոնական ու բարձրաստիճան այցն էր, որը ինքը շատ է կարեւորում` որպես ԵՄ առանցքային նշանակություն ունեցող երկրի պատվիրակության այց: Նա նաեւ նկատեց, որ Բելգիան Հայաստանի առաջին տնտեսական գործընկերն է ԵՄ-ում. Բելգիայի հետ Հայաստանն ունի նաեւ արդյունաբերական կապեր՝ ի դեմս ադամանդագործության:

Եվրամիության մայրաքաղաքից ժամանած պատվիրակությունը հետաքրքրվել է նաեւ ղարաբաղյան խնդրով: Արթուր Բաղդասարյանը հույս հայտնեց, որ Բելգիայի հետ հարաբերությունները կխորանան ու մեծ թափով կզարգանան: