Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ից ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴՆ է ԼԻՏՎԱՅԻ ՊՆ ՀԱՄԱՐ

Քաղաքականություն

Դիմավորման պաշտոնական հանդիսավոր արարողությունից հետո, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին, նախարար Սերժ Սարգսյանն ասաց. «Մեզ համար շատ կարեւոր է ձեզ հետ համագործակցելը, եւ ես ամբողջովին բավարարված կլինեմ մեր հարաբերությունների տարեցտարի խորացմամբ: Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ եւ ձգտում ենք դառնալ այդ ընտանիքի լիիրավ անդամ: Մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն ինչպես եվրոպական, այնպես էլ բոլոր այն կարգի երկրների հետ, որոնք ձգտում են խաղաղության»:

«ԱՄՆ-ից հետո, Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ ժամանում եմ պաշտոնական այցով: Ուզում եմ իմ երկրի պատրաստակամությունը հայտնել՝ ձեզ հետ բոլոր բնագավառներում համագործակցության ուղղությամբ, պաշտպանության բնագավառում՝ նույնպես: Մենք շատ կարեւորում ենք պատմական հարուստ անցյալ ու մշակույթ ունեցող այնպիսի երկրի հետ համագործակցությունը, ինչպիսին Հայաստանն է»,- նշել է պարոն Կիրկիլասը:

Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը սպաների ուսուցման եւ վերապատրաստման ոլորտներում առաջարկեց համագործակցել ինչպես ակադեմիական, այնպես էլ բուհական մակարդակներում:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն հատուկ ընդգծեց, որ 11-ամյա զինադադարի հարցում մեծ դեր ունի նաեւ Մինսկի խմբի խաղաղարար գործունեությունը:

Հանդիպման ավարտին պարոն Գեդիմինաս Կիրկիլասը պատրաստակամություն հայտնեց ռազմական համագործակցության ոլորտում քննարկելու հայկական կողմից արված ցանկացած տիպի առաջարկ: