Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՆՔՆԵՐՍ ԴՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Քաղաքականություն

«Պատկերացրեք կողմերից մեկին, որը դատարանում անընդհատ ասում է, որ ինքը կով է գողացել: Ի՞նչ անի դատավորը»,- «Փակագիծ» ակումբում ասում էր ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը՝ արցախյան խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանին համեմատելով այդ կողմի հետ:

Ըստ նրա, Հայաստանն իրականությանը հակառակ խոսում է գրավյալ տարածքների մասին, մինչդեռ ոչ մի տարածք էլ չենք գրավել: Դրանք եղել են ու մնում են Լեռնային Ղարաբաղի մասը: Մանասյանն ասում է, որ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ոչ ՄԱԿ-ում մենք առ այսօր չենք ներկայացրել ԼՂ խնդրի իրավական փաստաթղթերը: Այդ Ադրբեջանն արել է դեռ նախորդ ամռանը: «Մենք նախատեսել ենք Ադրբեջանի արդարացի պատերազմը մեր դեմ»,- կարծում է պրոֆեսորը:Ըստ նրա, մենք ոչ թե պետք է պահանջենք ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ հարգել արդեն վաղուց ճանաչված ինքնորոշումը. «Ոչինչ ավելին Լեռնային Ղարաբաղը չի պահանջում, քան ինչ ինքը արդեն ձեռք է բերել»:

«Փակագիծ» ակումբի հյուրը կարծում է, որ Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածի շարունակությունն է՝ պանթուրքիզմի քաղաքականության երկրորդ փուլը: Ալեքսանդր Մանասյանը նշում է, որ միջազգային հանրությունից պահանջելով ճանաչել Հայոց Եղեռնի փաստը՝ պիտի միաժամանակ պահանջենք ճանաչել ադրբեջանահայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը: «Ադրբեջանահայերի ճակատագրի պատասխանատուն ԼՂՀ-ն է»,- ասում է պրոֆեսորը՝ նշելով, որ այս խնդիրը առաջ պիտի քաշվի ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ի դեպ, նա կարծում է, որ Հայաստանի դիվանագիտությունը պարտություն է կրում, քանի որ այդպիսի դպրոց պարզապես չունենք: Ադրբեջանը շահում է, քանի որ նրան օգնում է Թուրքիան: Վերջինս ձգտում է մեզանից «առավելագույնս քամել»՝ հասկանալով , որ լավ չենք աշխատում: