Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱ ՄԻ ՔԱՂԱՔ, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԳԵՐԱՍԻՆ...

Քաղաքականություն

Շաբաթ օրն Ալավերդի քաղաքում ավարտվեցին քաղաքապետի ընտրությունները: Ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է Բագրատաշենի շուկայի տնօրեն Սարիբեկ Օհանյանը:

Քաղաքապետի մյուս թեկնածուն, ՀԺԿ անդամ Լարիսա Փարեմուզյանը վստահեցնում է, որ հիմնական խախտումները տեղի են ունեցել ընտրությունների նախորդ գիշերը: Նա նաեւ նշում է, որ ընտրություններն իրականում ընթացել են Լոռիի մարզպետ Հենրիկ Քոչինյանի եւ իր միջեւ: Ըստ տիկին Փարեմուզյանի, մարզային վերջին խորհրդակցության ժամանակ մարզպետը յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարել է Սարիբեկ Օհանյանի օգտին հավաքել 50 ձայն:

ՀԺԿ-ից վստահված անձ Անահիտ Դանիելյանի տեղեկություններով ընտրություններից մի քանի օր առաջ բուժհիմնարկներին բաժանվել է աշխատավարձ եւ նշվել, որ բուժաշխատողներն իրենց երկու ամսվա աշխատավարձն ստանում են Սարիբեկ Օհանյանի միջամտության շնորհիվ:

Ընտրությունների օրը ժամը 16-ից հետո աշխատավարձ է բաժանվել Ալավերդիի լեռնամետալուրգիական կոմբինատի աշխատակիցներին: Վստահված անձինք տեղեկացնում են, որ գործարանի մի շարք աշխատակիցների հարբած ընտրական տեղամաս են բերել մարզպետի թեկնածուի կողմնակիցները: Քաղաքում խոսում են այն մասին, որ նորընտիր քաղաքապետը մարզպետին 15 հազար դոլար է տվել ընտրվելու համար:

Պարոն Օհանյանն ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ: Նա տեղեկացրեց, որ իր հաղթանակն օրինաչափ էր, ավելին արձանագրված նախնական տվյալների 65:35 տոկոս հարաբերակցության փոխարեն սպասում էր 80:20 տոկոս հարաբերակցություն:

Ըստ պարոն Օհանյանի, իր թեկնածությունը քաղաքում պաշտպանում էին ՍԻՄ-ը, ՀՅԴ-ն, «Հզոր Հայրենիք»-ը, ՀՌԱԿ-ը եւ անկուսակցական քաղաքապետի բառերով «ամենակարեւորը»՝ հանրապետականնները:

Սարիբեկ Օհանյանը քաղաքում հայտնի է իբրեւ Գերաս: Իր նախընտրական ծրագրում վերջինս նշել է, որ քաղաքում «բոլորը հարգում եւ սիրում են Գերասին»: Ըստ Բագրատաշենի շուկայի տնօրենի, մինչեւ այսօր քաղաքում արտագաղթի տեմպերն այնքան են աճել, որ «1 տարվա ընթացքում 120 տղամարդու անձամբ է օգնել անցնելու սահմանից այն կողմ»:

Ի դեպ ընտրություններին գրանցված ընտրողների թիվը 17 հազար 391 է: Մասնակիցների թիվն ըստ ՄԸՀ նախագահ Տիգրան Քոչարյանի, փոքր ինչ ավել է 7 հազարից: Տեղեկացնենք նաեւ, որ արդյունքների ամփոփման պահին Լարիսա Փարեմուզյանը մտադիր էր բողոքարկել տեղամասերից մեկում արձանագրված տվյալները: Նշենք, որ նորընտիր քաղաքապետը ընդհամենը 500 աշխատատեղ ունեցող քաղաքի մոտ 20 հազարանոց բնակչությանը ընտրվելու դեպքում խոստացել է կառուցել նոր գերեզմանոց: