Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՄԱՄՅԱՆԻ ՔԱՐԸ ԾԱՆՐ Է

Քաղաքականություն

Ինչպես բոլոր հանրահավաքների եւ երթերի ժամանակ, այնպես էլ այսօր Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը տարերքի մեջ էր: Իշխանություններին իր հավատարմությունը եւս մեկ անգամ ապացուցելու համար երթի հենց սկզբից պարոն Թամամյանը սկսեց բղավել մասնակիցների վրա եւ նրանց հրել դեպի մայթ: «Միշտ ել բրդել եմ ու պիտի բրդեմ»,- հպարտությամբ հայտարարում էր ոստիկանապետը:

Երթից հետո պարոն Թամամյանը մի փոքր մեղմացավ եւ սկսեց համեմատաբար ավելի մեղմ խոսել: Իսկ երբ պարոն Թամամյանին առաջարկեցինք մասնակցել «Մենք պահանջում ենք անհապաղ հրապարակել ազատ հեռուստահաճախականությունների ցանկը եւ հայտարարել բաց, թափանցիկ, հրապսարակային մրցույթ» խորագրով ստորագրահավաքին, պարոն Թամամյանը խորհրդավոր հայտարարեց.«Իմ քարը ծանր է»: Պարոն Թամամյանին չօգնեցին նաեւ թեթեւ ապրելու մեր խորհուրդները: «Ո՞նց ապրեմ»,- խորը շունչ քաշելով` ասաց ոստիկանապետը: Պարոն Թամամյանի տրամադրությունն անմիջապես փոխվեց մեր հաջորդ հարցից.«Իսկ, միգուցե՞ Դուք ստորագրություն չունեք»: Պարոն Թամամյանը մեծ ուրախությամբ պատասխանեց.«Այո: Գրեք, որ ստորագրություն չունեմ»: