Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԼԻՆԵՆՔ ՀԵԶ, ՉՈՐՈՃԱՆՔ ՄԵՐ ԲԱԺԻՆ ԽՈՏԸ

Քաղաքականություն

«Այն իշխանությունը, որ ուզում է հաստատել բռնապետություն, ամենից շատ վախենում է ազատ խոսքից: Հենց այդ պատճառով «Ա1+»-ն այսօր եթերում չէ»,- հայտարարեց իրավապաշտպան,Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա նկատեց, որ մեկ իրավունքի խախտումը բերում է բազմաթիվ այլ խախտումների եւ կոչ արեց հենց այստեղից սկսել «Ա1+»-ի բացման գործընթացը: «Տեխնիկական հարցերը կամաց-կամաց կկարգավորվեն»,-ասաց նա:

Իսկ ի պաշտպանություն «Ա1+»-ի ակցիայի կազմկոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանն ուղղակի կոչ արեց ներկաներին Կոնսերվատորիային հարող հատվածը, որտեղ այսօր տեղի ունեցավ հավաքն ու սկսվեց ստորագրահավաքը, դարձնել «բաց ալիք, ազատ ալիք, ազատ քննարկումների վայր, ազատ խոսքի ամբիոն», որտեղ ամեն օր հասարակությունը կկարողանա տեղեկանալ այն ամենին, ինչին չի տեղեկանում այն պատճառով, որ եթերում չէ «Ա1+»-ը: Կլինեն ինտերնետային հրապարակումներ, թերթեր, նաեւ կցուցադրվեն այնպիսի կադրեր, որոնք ոչ մի հեռուստաընկերություն չի ցուցադրել: Իզաբելլա Սարգսյանը կոչ արեց մարդկանց չմոռանալ իրենց իրավունքների ու քաղաքացիական դիրքորոշման մասին եւ դուրս գալ խոհանոցներից:

ԱԺԿ նախագան Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ 10 մրցույթ է անցկացվել, որոնց մասնակցել են այնպիսի ընկերություններ, որոնք ձեւավորվել են հատուկ մրցույթին մասնակցելու համար, իսկ «Ա1+» -ը պարտվել է բոլոր մրցույթներում էլ: Շավարշ Քոչարյանը ընդգծեց, որ ազատ խոսքը բժշկող նշանակություն ունի, եւ քանի դեռ «Ա1+»-ը փակ է, իշխանության հիվանդությունը խորանալու է:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ հայտարարեց, որ պետք է մեր երկիրը ազատել գարշահոտությունից, դուրս գալ ճահճից. «Չենք ուզում հանդուրժել չընտրված իշխանություններին»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Ակցիան ավարտվեց երիտասարդների հեղինակային երգով,

«Եղիր հեզ, բանող եզ եւ վարիր այս անվերջ սեւահողը,

Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,

Որոճա քեզ բաժին ընկած խոտը

մինչեւ կբացվի.. Ա1+-ը»: