Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԼՈՒՐՋ ԻՄՊՈՒԼՍ»

Քաղաքականություն

Ի պաշտպանություն «Ա1+»-ի անցկացված այսօրվա ակցիային քաղաքական ուժերից մասնակցում էի միայն «Արդարություն» դաշինքի եւ «ՀՀՇ» վարչության անդամներ: Ակցիային Կոմիտասի արձանի մոտ միացավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը, որը ակցիան կայացած համարեց.

«Մենք միշտ էլ աջակցել ենք «Ա1+»-ին, եղել ենք «Ա1+»-ի կողքին, հանրահավաքներ էլ ենք կազմակերպել «Ա1+»-ի փակման կապակցությամբ: Մենք միշտ համարել ենք, որ «Ա1+»-ի խնդիրը, ոչ միայն «Ա1+»-ինն է, այլ հասարակության, որովհետեւ «Ա1+»-ը աշխատում էր հասարակության համար, ապահովում էր անաչառ տեղեկատվություն, այնպես որ դա հասարակական խնդիր է: Եվ բնականաբար մենք այստեղ պետք է լինեինք»: Ստեփան Դեմիրճյանը ստորագրեց անհապաղ մրցույթ անցկացնելու պահանջի տակ: Ստորագրեցին նաեւ մյուս քաղաքական գործիչները:

ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ՝ նման միջոցառումներին մասնակցելու համար: «Պետք է ուղղակի ունենալ քաղաքացիական դիրքորոշում: Ակնհայտ է,որ Հայաստանի ներկայիս օկուպացիոն ռեժիմը ամենաշատը վախենում է ազատ եւ ճշմարիտ խոսքից: Եվ դրա համար է Ա1+-ը փակված»: Ակցիան գնահատեց նորմալ եւ ասաց, որ շատ կցանկանար, որ այն ունենար շարունակական բնույթ, շատ ավելի շատ քաղաքացիներ մասնակցեին ակցիային ու պայքարեին ազատ խոսքի իրենց իրավունքի համար:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ ասաց. «Ի պատիվ ակցիայի կազմակերպիչների, այն ստացվել է: Ես ողջունում եմ ակցիան, մենք մեր աջակցությունն ենք արտահայտում «Ա1+»-ի վերաբացմանը, եւ կարծում եմ, որ «Ա1+»-ի վերաբացման համար այս ակցիան, Հայաստանում ժողովրդավարական շարժում սկսելու իմաստով լուրջ իմպուլս կարող է հանդիսանալ»:

«Հանուն արդարության» հ/կ նախագահ Վարդան Գրիգորյանն էլ իրենց մասնակցությունը ակցիային բացատրեց նրանով, որ բանտային, գաղութային վիճակում ազատ խոսքը երբեւիցե չի թեւածի: «Մենք պահանջում ենք բացել «Ա1+»-ը, եւ «Ա1+»-ի բացումից հետո կտեսնեք, թե ինչքան լավ է լինելու ամեն ինչ»: