Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՎԵԼ ԷՐ ԱՊՐԻԼԻ 2-ԻՑ ԱՌԱՋ

Քաղաքականություն

2002թ ապրիլի 2-ին ՀՌԱՀ անդամ Հրաչյա Բայադյանը չներկայացավ հանձնաժողովի նիստին ու չստորագրեց «Ա1+»-ին եթերազրկող որոշման տակ: Մի քանի ամիս անց սեփական դիմումի համաձայն նա ազատվեց այդ պաշտոնից: Հրաչյա Բայադյանը այսօր մասնակցում էր «Ա1+»-ի եթերազրկման երրորդ տարվա առիթով կազմակերպված ակցիային:

- Ո՞րն էր պատճառը, որ ապրիլի 2-ին դուք չներկայացաք հանձնաժողովի նիստին:

- Այդ նիստի ժամանակ ոչինչ չէր որոշվում: Մինչեւ այդ եղել էր մի նիստ, որի ժամանակ բոլոր հարցերն արդեն քննարկվել էին` մեկ միավորի ճշտությամբ եզրակացությունները պարզ էին եւ բուն նիստի ժամանակ այլեւս անելիք չկար. սա էր իմ նիստին չներկայանալու հիմնական պատճառը:

- Ըստ Ձեզ, հիմա էլ են որոշումները կայացվու՞մ նույն մեխանիզմով, ինչպես երեք տարի առաջ:

- Հնարավոր է, որ ավելի վատ: Եթե այն ժամանակ որոշ ընդվզում, քննարկումներ կային, հակված եմ մտածելու, որ նման քննարկումներ կամ պայքար, հակասություն հանձնաժողովի այսօր ներսում չկա կամ շատ քիչ է:

- - ՀՌԱՀ-ի նման գործելաոճի, հանձնաժողովի վրա նման ճնշման պարագայում հնարավո՞ր է, որ հանձնաժողովը երբեւիցե արդար որոշում կայացնի:

- Իհարկե ոչ:

- Այսինքն` անհավանակա՞ն է «Ա1+»-ի վերադարձը եթեր:

- Ես ճիշտն ասած` խնդիրը չեմ ուզում միայն «Ա1+»-ի հետ կապել. խնդիրը միայն մեկ հեռուստաընկերության եթեր վերադառնալը չէ: Մեր մեդիա ոլորտը ողբալի վիճակում է, չեմ ասում հանձնաժողովի պատճառով, բայց նույն պատճառով, ինչի պատճառով մենք ունենք այդպիսի հանձնաժողով:

- Եթե հանձնաժողովի անդամներն ավելի անկախ ու հաստատակամ լինեն, վիճակն ավելի լավ կլինե՞ր:

- Չեմ հավատում, որ այդպիսի անդամներ կլինեն: Եթե պատահաբար մեկ-երկու հայտնվել էին հանձնաժողովում, հիմա նման պատահականություն չի կարող լինել:

Զրուցեց Կարինե Ասատրյանը