Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԵՔԵՆԱՆ

Մարզեր

2005թ. ապրիլի 1-ի լույս գիշերը ժամը 3.30-ի սահմաններում Գորիսի իր տան բակում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Նիվա» մակնիշի մեքենան: Դեպքի վայր հասած ոստիկանները, ավելի ուշ եկած հրշեջները չեն կարողացել փրկել մեքենան:

Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբը տեղի ունեցածը համարում է վերջին շրջանում «Սյունյաց երկիր» թերթի նկատմամբ Սյունիքի մարզպետի չսանձվող ահաբեկչական գործողությունների հերթական դրսեւորում: Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գնահատամամբ, տեղի ունեցածի անմիջական առիթ է հանդիսացել «Նովոյե վրեմյա» թերթին մարտի 12-ին Սամվել Ալեքսանյանի տված հարցազրույցը, որից հետո թերթի խմբագիրը բազմաթիվ միջնորդավորված զգուշացումներ է ստացել մարզպետից, գիշերային անանուն զանգեր:

Ըստ Սամվել Ալեքսանյանի, Գորիսում չկա մի երկրորդ մարդ, որը ընդունակ լինի մեքենա հրկիզելու: Այդպիսի գյադայության ընդունակ է միայն Սուրիկ Խաչատրյան թերուսը: Թերթի գլխավոր խմբագիր Ս.Ալեքսանյանը հրաժարվում է որեւէ բացատրություն տալ Սյունիքի մարզի քննչական կառույցներին՝ երիցս հայտարարելով, որ Սյունիքի մարզում չի գործում ՀՀ սահմանադրությունը, ուստի եւ ցանկացած իրավապահ, օբյեկտիվ վարքագիծ դրսեւորելու դեպքում, կարող է հայտնվել նույն վիճակում, ինչ խմբագիրը:

Դեռեւս անցած շաբաթ Ս.Ալեքսանյանը դիմում էր հղել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին Սյունիքում ստեղծված հակասահմանադրական կացության մասին: Նամակում բարձրացված հարցը կրկին ուղղում ենք պարոն Քոչարյանին՝ ինչո՞ւ, որ՞ մեղքի համար եք պատժում Սյունիքի մարզը: Արժե՞ արդյոք մի ամբողջ մարզ մատաղ անել ինչ-որ մի ելուզակի ախորժակին հագուրդ տալու համար: