Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԼԻԶԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՀՀ-Ի ԴԵՄ

Քաղաքականություն

ԱՄՆ կողմից հայաստանյան «Լիզին» ընկերության դեմ պատժամիջոցները չեն նշանակում պատժամիջոցներ ՀՀ-ի դեմ: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ «Լիզինի» դեպքը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա չի ազդի: Միակ բացասական հետեւվանքը կարող է լինել հանրային որոշակի անբարենպաստ կարծիքի ձուավորումը Հայաստանի մասին, քանի որ այդ ընկերությունը գտնվում է մեր երկրում:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չարենցավանում գործող «Լիզին» ընկերությունը Իրանին է վաճառել արգելված տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, որոնք կարող էին օգտագործվել միջուկային զենքի արտադրելու համար կատարվող ուսումնասիրություններում: Ճիշտ է, «Լիզինի» ղեկավարությունը հերքել է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած տեղեկատվությունը, սակայն Օսկանյանն այսօր գործի նոր մանրամասներ ներկայացրեց: Ըստ նրա, «Լիզինը» Իրանին է վաճառել երկակի օգտագործման մետաղ, որում, օրինակ ածուխի տոկոսային հարաբերությունը կարող է օգտագործվել միջուկային ուսումնասիրությունների համար: Օսկանյանը վստահ է, որ չարենցավանյան ընկերությունը Իրանի միջուկային հետազոտություններին նպաստելու միտում չի ունեցել: Միեւնույն ժամանակ արտգործնախարարը նշում է, որ «Լիզինի» ղեկավարությունը ԱՄՆ կողմից զգուշացվել է, թե ինչ է նշանակում նման գործարքը: «Ընտրությունը նրանցն է եղել, կարող էին լսել ԱՄՆ խորհուրդը, կարող էին չլսել: Չեն լսել, վաճառել են, Միացյալ Նահանգներն էլ որոշել է պատժամիջոցներ կիրառել», - պարզաբանում է նախարարը:

Ի դեպ, պատժամիջոցները լինելու են հետեւյալ բնույթի՝ սեւ ցուցակում հայտնված «Լիզինի» անունը տրվելու է ամերիկյան եւ եվրոպական բոլոր ընկերություններին ու բանկերին: Վերջիններիս կոչ է արվելու չհամագործակցել հայաստանյան այդ ձեռնարկության հետ:

Նշենք, որ ըստ Օսկանյանի, «Լիզինի» հետ կապված պատմությունը չի ազդի նաեւ հայ-իրանական հարաբերությունների վրա: