Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ԼԱՎ ՕՐԻՆԱԿ

Քաղաքականություն

Մարտի 17-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության հաշվետվությունը, իսկ Մինսկի խմբի համանախագահները կողմերին եւ միջազգային հանրությանն են ներկայացրել իրենց հանձնարարականները: Դրա վերաբերյալ ԼՂՀ ԱԳՆ-ն այսօր տարածել է հայտարարություն, որում մասնավորպես ասվում է.

«Հիմք ունենալով ստացված պաշտոնական փաստաթղթերը եւ նյութերը՝ ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության հաշվետվության շեշտված օբյեկտիվությունը: Միաժամանակ պետք է ընդգծել, որ Առաքելության աշխատանքը ընդգրկել է միայն այն տարածքները, որոնք հրադադարի հաստատումից հետո վերահսկվում են ԼՂՀ իշխանությունների կողմից, եւ այդ պատճառով ամբողջական պատկերացում չի տալիս Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար աղետի մասին, երբ շուրջ հինգ հարյուր հազար հայ դարձել է փախստական, կորցրել ունեցվածքը, հայրենիքը եւ հավատը ապագայի նկատմամբ:

ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետեւել Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների օրինակին, որոնք հումանիտար, ֆինանսական ու այլ կարգի օգնություն են տրամադրում ԼՂՀ ժողովրդին, եւ արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված էթնիկ զտումների, լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց հումանիտար կարիքներին, եւ դրանով իսկ վերջ դնել երկակի չափանիշների կիրառմանը՝ բացառապես օգնելով ադրբեջանցի փախստականներին եւ անտեսելով Լեռնային Ղարաբաղի տարածքում ապաստանած հայ փախստականների իրավունքները:

ԼՂՀ ԱԳՆ-ն հաստատում է ԼՂՀ ժողովրդի եւ իշխանությունների հավատարմությունը բոլոր վիճելի հարցերի խաղաղ կարգավորմանը եւ այդ համատեքստում բարձր է գնահատում այն խաղաղարար ջանքերը, որ գործադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունը»: