Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՊՐՈՑՈՎ ՉԵՍ ԱՆՑԵԼ, ԴԱՏԱՎՈՐ ՉԵՍ ՆՇԱՆԱԿՎԻ

Քաղաքականություն

«Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ, թե նախնական ուսուցման եւ թե հետագա վերապատրաստումների հարցում», -այսօր «Արդարադատության բարձրագույն դպրոցի» մասին օրենքի քննարկման ընթացքում հայտարարեց ԵԽ ներկայացուցիչ Ժոզե Մարիա Ֆերնանդեզը:

Պարոն Ֆերնանդեզը ողջունեց ՀՀ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ցանկությունը եւ նկատեց, որ շրջանառության մեջ գտնվող Սահմանադրության երեք նախագծերից միայն երկուսն են անդրադարձել դատական համակարգին:

Արդարադատության բարձրագույն դպրոցի ստեղծումն իր խոսքում կարեւորեց նաեւ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը.«Դպրոցի ստեղծումը չկարեւորելու հետեւանքով երկու մեծ կորուստ ենք ունեցել՝ դատավորների վերապատրաստման հարցում: Այսօր ստիպված ենք մեր ուժերով եւ միջոցներով վերապատրաստել նրանց»,- նշեց նախարարը: Արդարադատության բարձրագույն դպրոցը ՀՀ կառավարությունը նախատեսել է հիմնադրել 2006թ.-ին: Քննարկվող օրենքը կփորձի կարգավորել դատավորների թեկնածուների ընդունելության, ուսուցման, ավարտածների վերապատրաստման, Արդարադատության նախարարի կողմից նրանց դատավորների պաշտոնական պիտանիության ցուցակում ընդգրկվելու, այդ ցուցակը կազմելու եւ ՀՀ նախագահի հաստատմանը ներկայացնելու կարգը:

Օրենքն ուժ ստանալուց հետո դատավոր կնշանակվեն միայն այն անձիք, որոնք ավարտել են այդ դպրոցը: Դպրոց դիմելու իրավունք ունեն 23 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն եւ առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ ունեցող, չդատապարտված, գործունակ, 50 տարեկանից ոչ բարձր ՀՀ քաղաքացիները: Դպրոցը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեից: Տարեկան որքան գումար է անհրաժեշտ դպրոցի լիարժեք գործունեության համար, Արդարադատության նախարարը առայժմ դժվարանում է ասել: Նա միայն նշեց, որ ամեն ինչ պետք է անել գումարն անիմաստ չվատնելու համար: «Արդարադատության բարձրագույն դպրոցի» մասին օրենքի քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը:

Արդարադատության նախարարը, դատարանների պալատների նախագահներն ու մի շարք դատավորներ կքննարկեն օրենքի վերաբերյալ ԵԽ փորձագետների ներկայացրած դիտողություններն ու առաջարկները: