Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՊԱԼԵՑԻՆ ԱՐՏԱՀԵՐԹԸ

Քաղաքականություն

ԱԺ-ում 18:30-ին հրավիրված արտահերթ նիստը չկայացավ: Պատգամավորները չապահովեցին սանհրաժեշտ քվորումը, այսինքն՝ 66 ձայն: Արտահերթ նիստին գրանցվել էր ընդամենը 41 պատգամավոր: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, նմանատիպ դեպքերում կիրառվում է երեքժամյա ռեժիմը: 18:30-ից սկսած եւս 3 ժամվա ընթացքում պատգամավորներին հնարավորություն է տրվում գրանցվել եւ ցանկության դեպքում ապահովել քվորում:

Արտահերթ նիստի նախաձեռնողը, սակայն, կանխատեսում է, որ պատգամավորները չեն օգտագործի այդ հնարավորությունը, եւ նիստը չի կայանա: «Մարտի 23-ին 18:30-ին ԱԺ-ում տեղի ունեցավ կառավարության հոգեհանգստի արարողություն: Հուղարկավորումը տեղի կունենա ժողովրդի մասնակցությամբ»,- եզրակացրեց անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Նա համոզված է, որ «հուղարկավորությունը» տեղի կունենա, երբ ժողովուրդը հավաքվի ԱԺ շենքի մոտ եւ սկսի ներկայացնել իր պահանջները:

Ավանդների վերադարձի խնդրով արտահերթ նիստ գումարելու գաղափարից Հմայակ Հովհաննիսյանը դեռ չի հրաժարվում: Նոր ստորագրահավաք նա պատրաստվում է նախաձեռնել սեպտեմբերին, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանին առընթեր ստեղծված՝ Ավանդների վերադարձի հնարավորությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացությունից հետո:

Ինչ վերաբերում է այսօրվա արտահերթ նիստին, ապա 18:30-ին նիստերի դահլիճ եկած 41 պատգամավորների շարքում էին «Արդարություն» եւ «Ազգային Միաբանություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ: Ավանդների վերադարձի նախընտրական խոստում տված «Օրինաց Երկիր» խմբակցությունից մասնակցում էին 10 պատգամավոր՝ նիստը վարող Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

ՄԱԿ խմբակցությունը ներկայացել էր 3 պատգամավորով, իրենց ղեկավար՝ Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ: «Ժողպատգամավոր» խումբը նույնպես ներկայացել էր ոչ ամբողջական կազմով, նրանց ղեկավարն էլ չէր ներկայացել դահլիճ: Անկախ պատգամավորներից գրանցվել էին Մանուկ Գասպարյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Ռուբեն Հայրապետյանը:

Հատկանշական է, որ արտահերթ նիստ գումարելու պահանջը ստորագրել էր 45 պատգամավոր, իսկ արտահերթ նիստին ներկայացել ընդամենը 41-ը: Թե ով էին այն 4 պատգամավորները, որոնք փաստաթուղթը ստորագրելով հանդերձ չէին մասնակցել արտահերթ նիստին, Հմայակ Հովհաննիսյանը գերադասեց չբացահայտել: Ըստ պատգամավորի, տվյալ դեպքում կարեւորը այդ պատգամավորների բարի կամքն է՝ օգնել արտահերթ նիստ գումարելու հարցում: