Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐԻՆԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ, ՉԵՆ ՓՈԽԱՆԱԿԻ

Քաղաքականություն

Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ պետհանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Գրիգորյանը եւ իր օգնական Լեո Ագաջանովը:

Հանդիպմանը մասնակցնում էին նաեւ Ղարաբաղյան հակամարտության շրջանում Անհայտ կորածների որոնման եւ գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Սվետլանա Գանուշկինան եւ Բերնհարդ Կլազենը:

Մշակվել են կառուցողական համագործակցության մեխանիզմներ՝ հիմնված գերիների համապատասխան ստուգումից հետո հնարավորինս կարճ ժամանակահատվածում նրանց վերադարձնելու սկզբունքի վրա:

Հանդիպման մասնակիցները անբարոյական են համարում մարդկանց փոխանակումը եւ հետագայում հարց է դրվելու գերիների միայն ազատ արձակման մասին:

Կողմերը պատրաստ են միջազգային կազմակերպություններին եւ գերիների ազգականներին գերիների հետ հանդիպման հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք հավաստիանան վերջիններիս հայրենիք վերադառնալու կամավորության մեջ: