Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Քաղաքականություն

ԵԽ անդամներից այսօր 3-ն են, որ չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին՝ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը: Մամուլի Ազգային ակումբում այս մասին այսօր տեղեկացրեց «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը: «Սրանք այն երկրներ են, որոնք ցանկություն եւ կամք էլ չունեն իրենց համապատասխանեցնել ԵԽ չափանիշներին»,-ասաց նա:

Ըստ նրա, այսօր ԵԽ-ի ուշադրությունը բեւեռված է հատկապես Ադրբեջանի վրա եւ այնտեղի աշնանային ԱԺ ընտրություններին: Սակայն Շավարշ Քոչարյանը կանխատեսում է, որ արդեն ամռանը հնարավոր է, որ ԵԽ-ն դադարեցնի Ադրբեջանի անդամության լիազորությունները:

Հաջորդն, ըստ պարոն Քոչարյանի, մենք ենք. աշնանը դրվելու է Հայաստանի հարցը: «Իրենք որեւէ խնդիր չեն տեսնում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ-ից դուրս մղվեն անվերապահորեն»,-ասաց ԱԺԿ նախագահը: Եվրոպան, ըստ պարոն Քոչարյանի, կբավարարվի ԵՄ «Նոր հարեւաններ» ծրագրին մեր անդամակցությունը ճանաչելով:

ՍԱԼԱՄ ԱԼԵՅՔՈՒՄ, ՍԻՐԵԼԻ ՎԱԼՈԴՅԱ

«Պարտադիր չէր, որ Պուտինը գար, նա կարող էր նույնիսկ չգալ, կարող էր գալ վարչապետը, օրինակի համար»,-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին այսօր այսպիսի գնահատական տվեց «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը: Վերջինիս ավելի հետաքրքիր է թվում պատճառը, թե ինչու է գալիս Պուտինը: Պատճառն այն է, որ Հայաստանում Ռուսաստանի տարի է:

«Իսկ դուք գիտե՞ք, որ այս տարի Ադրբեջանի տարին է Ռուսաստանում»,-հարցրեց Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, Ռուսաստանն արդեն առաջին պլան է մղում ոչ թե տարածաշրջանում մեկ դաշնակից ունենալու քաղաքականությունը, այլ՝ հավասարակշռված քաղաքականությունը, այսինքն` առաջնորդվել իր շահերով: Այս իմաստով, պարոն Քոչարյանն առանձնացրեց Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եւ Ռուսաստան-Վրաստան-Թուրքիա երկաթգծերի կառուցման հարցը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՈՒՏ ԷՐ ՏՎԵԼ

Այսօր լրագրողները Շավարշ Քոչարյանից փորձում էին տեղեկանալ, թե ինչպե՞ս է, որ հետխորհրդային բոլոր երկրներում հաջողվում է հեղափոխություն իրականացնել, իսկ Հայաստանում չի հաջողվում: Ըստ պարոն Քոչարյանի, հետխորհրդային երկրներում «կա դարձ»: Այսինքն` նահանջ դեպի ժողովրդավարություն, որը նրանք որդեգրել էին ԽՍՀՄ-ից անջատվելուց հետո:

Բայց հեղափոխությունների հաջողության պատճառն, ըստ պարոն Քոչարյանի, այն է, որ Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում, ընտրություններից հետո ստեղծված վիճակը լայնորեն լուսաբանվեց: «Հայաստանի դեպքում այդպես չէր: Տպավորությունն այն է, որ այն ժամանակ այն խնդիրը, որ այսօր հստակ տեսնում է Արեւմուտքը՝ ժողովրդավարացում ետխորհրդային տարածքի, այդպես հստակ դրված չէր»,-ասաց «Արդարություն» խմբակցության անդամը:

Երկրորդ պատճառն այն է, որ այդ երկրներում ժողովուրդը հաղթեց ընտրությունների միջոցով, քանի որ «եթե ընտրություն չի, հեղափոխություն է»: Իսկ Հայաստանն ինչու՞ ընտրություններով չկարողացավ իշխանափոխություն իրականացնել: «Ընդդիմությունը, ներողություն արտահայտության համար, կերավ էն կուտը, որ հաջորդ հանրահավաքը պիտի հարց լուծի: Լրագրողներդ հիշեք, անընդհատ հարցնում էին՝ մյուս անգամ հարցը լուծվելու՞ է»,-հիշում է Շավարշ Քոչարյանը: Նա համոզված է, որ ոչ Ուկրաինայում, ոչ Վրաստանում «նման հարցադրում չի կանգնել»:

Թավշյա հեղափոխության էությունն, ըստ պարոն Քոչարյանի, ոչ թե գրոհի մեջ է, այլ տեւական պայքարի: «Եթե մենք զանգվածը կապում ենք գրոհի հետ, դրանով տապալում ենք թավշյա հեղափոխությունը»,-եզրակացրեց ՄԱԱ հյուրը:

ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ

Շավարշ Քոչարյանն այսօր անդրադարձավ այն անձանց, ովքեր հավակնում են ՀՀ նախագահի աթոռին: Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է: Բայց վերջինս հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանին: Իսկ ովքե՞ր են մյուսները. «Արթուր Բաղդասարյանն ակնհայտորեն հավակնում է: Անդրանիկ Մարգարյանը բացահայտ չի ասում, բայց ամբողջ կուսակցությունը երազում է այդ մասին»:

Շավարշ Քոչարյան այսօր չի տեսնում այնպիսի իրավահաջորդ, որը մեղմի ժողովրդի զայրույթը ռեժիմի նկատմամբ եւ միաժամանակ լինի «կոնսոլիդացնող»: Նրա եզրակացությունը մեկն է. «Պետք է լինի այնպիսի մի անձ, որի նկատմամբ ժողովուրդը լինի առնվազն չեզոք»: