Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿՈՒՄ

Քաղաքականություն

Մոտ 200 կազակ ավերածություններ են կազմակերպել Կրասնոդարի շրջանի Նովոռոսիյսկ քաղաքի թաղամասերից մեկում: Այս մասին տեղեկացրել է Կրասնոդարի շրջանի Նովոռոսիյսկ քաղաքի բնակիչներից մեկը:Հարձակումների զոհ են դարձել հայ ազգի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վնաս է հասցվել նրանց պատկանող ավտոմեքենաներին, սրճարաններին, խանութներին: Տեղի ունեցածի իրական ծավալները պարզելն անհնար է, քանի որ դեռեւս չի հաջողվում տեղեկություն ստանալ պաշտոնական աղբյուրներից:

Ընդհարման առիթ է հանդիսացել անցած գիշեր քաղաքի սրճարաներից մեկում տեղի ունեցած միջադեպը: Ըստ նույն աղբյուրի տեղեկության` ծննդյան տոն նշող հայ եւ հույն երիտասարդների խմբին մոտեցել են կազակներ` քաղաքի կազակների միության ատաման Վլադիմիր Պետրուշինի գլխավորությամբ: Գրեթե անմիջապես սկսված կռվի ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ են հասցվել ատամանին: Վերջինս այժմ գտնվում է քաղաքային N1 հիվանդանոցում, որտեղ նրան վիրահատել են: Բժիշկների գնահատմամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Նախնական տվյալներով` հարուցված է քրեական գործ` ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի /ազգային, ռասայակա եւ կրոնական թշնամանքի սադրում/ հատկանիշներով:

Նովոռոսիյսկի քաղաքապետ Վլադիմիր Սինյագովսկին այսօր առավոտյան արտակարգ ժողով է անցկացրել քաղաքի ազգային համայնքների ներկայացուցիչների հետ եւ հայտարարել, որ "կազմակերպիչները կբացահայտվեն ու կպատժվեն": Պայմանավորվածություն կա իրավիճակը չլարել եւ կանխել կողմերի հնարավոր պատասխան քայլերը:

Նովոռոսիյսկի "Լույս" հայկական մշակույթի կենտրոնում հայտնեցին, որ իրենք կոչ են անում հայրենակիցներին հանգստություն պահպանել եւ երաշխավորում, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ: Սակայն իրավիճակը, ըստ էության, դուրս է եկել վերահսկողությունից, եւ պարզ չէ հետագա զարգացումը: Տեղեկությունը տրամադրել է Ռուսաստանում լույս տեղնող հայկական "Երկրամաս" լրագիրը: