Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԱՃԵԼ Է

Մարզեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ենթակայության տակ գտնվող 7 էլեկտրական ցանցերի կուտակած դեբիտորական պարտքը 2004թ-ին կազմում է 178 մլն դրամ: Իսկ անցած ամիս սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության ունեցած պարտքը եղել է 2 մլն 600 հազար դրամ: էլեկտրաէներգիայի փաստացի կորուստները միայն անցած ամիս կազմել են 20.7 տոկոս:Այս մասին տեղեկացնում է Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը:

Հունվար ամսվա համեմատ, փետրվարին գանձումների ցուցանիշը 4 տոկոսով ավելացել է, սակայն մասնաճյուղի տնօրեն Լյուդվիգ Սարգսյանը դժգոհ է գումարների հավաքագրումից: Պրն. Սարգսյանն արձանագրում է այն փաստը, որ մինչ օրս էլցանցի ոչ մի հսկիչ չի պատժվել աշխատանքի մեջ թերանալու պատճառով, ինչը, ըստ նրա, տպավորություն է ստեղծում, թե աշխատանքն անթերի է: Մինչդեռ այդպես չէ:

Արդեն տարիների վաղեմություն ունեցող, մաշված ու քայքայված մալուխային գծերը նպաստում են քաղաքի տարբեր թաղամասերում վթարների առաջացմանը: Մասնավորապես գարնան ամիսներին բնակիչներից շատերը ստիպված են օրերով հոսանքազրկված մնալ: Թեեւ այս ուղղությամբ կատարվում են մասնակի նորոգումներ, սակայն դրանք ցանկալի արդյունք չեն տալիս: Խնդիրը մեղմելու նպատակով քայլեր են ձեռնարկվում «Հայաստանի էլցանցերի» կողմից: Ըստ մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վ. Սարգսյանի, նախատեսվում է ընկերության շրջանակներում ստեղծել կառույց, որը պետք է հիմնական աշխատանքներ կատարի նոր հոսանքագծերի կառուցման եւ ցանցերի բարելավման ուղղությամբ:

«Ղարս» մասնաճյուղում այս առումով առաջիկայում կատարվելու են տեխնիկական վիճակն ուսումնասիրող ստուգիչ աշխատանքներ, որից հետո հնարավոր կլինի վերանորոգել 20-25 ենթակայան: