Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ

Քաղաքականություն

Պատգամավորներն այսօր «առատախոս» էին հայտարարությունների հարցում: 30 պատգամավոր ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ ԱԺ հայտարարությունների ժամին:

Ինչպես միշտ, խորհրդարանի աշխատանքի այդ հատվածում ակտիվ էր ընդդիմությունը: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց կոալիցիային, որ նախագահական ընտրությունների ժամանակ սատարելով Ռոբերտ Քոչարյանին, այդ քաղաքական ուժերը նաեւ ստանձնել են պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել հանրապետությունում 1999 թվականից հետո: Դալլաքյանը թվարկեց 99 թվականի հոկտեմբերի 27-ը, կոռուպցիայի չափերի մեծացումը, ազգի չքավորությունը, հանցագործ ուժերի սերտաճումը ղեկավարների հետ, արտաքին քաղաքականության ձախողումը, ԼՂՀ հարցում Հայաստանի վրա արտաքին ուժերի ճնշումը, ապրիլի 12-13 դեպքերը եւ այլն:

Թվարկված բոլոր թերություններին այլ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան առանձին-առանձին տարբեր հայտարարություններով:

«Ազգային Միաբանության» ներկայացուցիչ Կորյուն Առաքելյանն էլ խորհուրդ տվեց իշխանություններին հետեւություն անել երկրում տիրող իրավիճակից եւ Վրաստանի, Ուկրաինայի եւ հիմա Ղրղզըստանի դեպքերից: