Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴՎԶՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Քաղաքականություն

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացվող ՀՀ «Քրեական օրենսգրքի» փոփոխությունները պատճառ հանդիսացան, որպեսզի գործարար պատգամավորները ակտիվ ներկայացնեն իրենց անհամաձայնությունը ներկայացվող օրինագծի վերաբերյալ: Փոփոխություններով կառավարությունը փորձել է պայքարել կոռուպցիայի դեմ, ուստի քրեականացրել է այն պատիժները, որոնք նախատեսված էին տնտեսական հանցագործությունների, մասնավորապես, օրինակ՝ հաշվապահական որոշ փաստաթղթերի չներկայացման դեպքում: Տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված խախտումների համար, լինի դա «կեղծ ձեռնարկատիրություն», «միտումնավոր սնանկացում» եւ այլն, պատիժները, ըստ ներկայացվող փոփոխությունների, խստացվում են մինչեւ 3 տարի կամ մինչեւ 7 տարի ազատազրկում:

Պատգամավորների կարծիքով ճիշտ չի տնտեսական խախտումների համար պատիժները քրեականացնել: «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, այդ օրենքը հնարավորություն կտա պատիժները միտումնավոր կիրառել որոշ գործարարների հանդեպ, որոնք իշխանությունների համար ոչ ցանկալի քաղաքականություն կվարեն: Պատգամավորների համար հատկապես անընդունելի էր այն կետը, որի հիման վրա փաստաթղթեր չներկայացնելու դեպքում նախատեսվում է քրեական պատիժ: Պատգամավորներն իրենք ընդունում են, որ հանրապետության օրենքներն այնքան արագ են փոփոխվում, որ հաշվապահները չեն հասցնում դրանց ծանոթանալ: Օրինագծի դեմ արտահայտվելու ժամանակ աչքի ընկան օրինակ պատգամավորներ Մանվել Բադեյանն ու Խաչատուր Սուքիասյանը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը իր ելույթում նշեց, որ հանրապետությունում չկան այնպիսի հաշվապահներ, որոնք լավ տիրապետեն բոլոր օրենքներին: Ուստի, ցանկացած ձեռնարկությունում կարելի է գտնել խախտումներ, բայց արդյո՞ք դրա համար պետք է ազատազրկման դատապարտվի ձեռնարկության ղեկավարը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշելով, որ տնտեսական հանցագործությունների համար պատժի քրեականացումը քաղաքական մոտեցում է, նույնպես ընդունելի չհամարեց ներկայացված նախագիծը: Օրինագծի հանդեպ կիրառվեց 24 ժամյա ռեժիմը: Այսինքն՝ նախագիծը վերադարձվեց հեղինակին՝ Հարկային պետական ծառայությանը, որպեսզի վիճահարույց հարցերն ուղղվեն եւ օրինագիծը նորից 24 ժամ անց ԱԺ ներկայացվի առաջին ընթերցման: