Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՎԱՑ ՁԵՌՔԵՐԸ, ԵՎ ՋՈՒՐԸ ԹԱՆԿԱՑԱՎ

Տնտեսություն

Այս տարվանից կառավարությունը դադարում է հայաստանյան ջրամատակարար ընկերություններին լրավճարումներ տրամադրելը: Խմելու ջրի սահմանված սակագնի եւ ինքնարժեքի տարբերության մի մասը մինչեւ մայիսի 1-ը կշարունակի փակել կառավարությունը, իսկ դրանից հետո ջրամատակարար ընկերությունները ամբողջովին կանցնեն ինքնածախսածածկման:

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկեց Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ սակագների բարձացման վերաբերյալ: Սակագների բարձրացումը ընկերությունները պայմանավորել են հիմնականում չորս գործոնով. 1) առաջին անգամ ջրամատակարարները պետք է բնապահպանական վճար մուծեն պետությանը, այն էլ՝ նախորդ տարիների կուտակված պերտքերը եւս, 2) հաջորդ տարվանից ընկերությունները պետք է սկսեն պետությանը գումարներ վճարել նաեւ հողօգտագործման համար, 3) պետական լրավճարումներ այլեւս չեն լինի, 4) գործող սակագնով անհնար է փակել ջրի որակի եւ մատակարարման հաճախականության բարելավման, բաշխիչ ցանցերի վերանորոգման, համակարգի արդիականացման ծախսերը:

Այս տարի ավարտվում է «ԵրՋԿ» կառավարիչ ընկերության՝ անգլիական «Էյ Յու Թիլիթի» ընկերության լիազորությունների ժամկետը: Կազմակերպությունը ափսոսանքով է Հայաստանից հեռանում, իսկ կառավարիչ Վոլքլինգը մտավախություն չունի, որ ջրի գնի թանկացմամբ, սպառողները ավելի շատ ջրագողություն կանեն. «Չեմ կարծում, որ Երեւանում 1 մլն մարդ ջուր կգողանա»,- ասաց անգլիացի կառավարիչը:

«Հայջրմուղկոյուղու» նոր կառավարիչ՝ ֆրանսիական «Սաուր» ընկերության ներկայացուցիչը մարզային-գյուղական բնակավայրերում նախկին պարտքերի համաներման, բնակիչների հետ փոխադարձ հաշվարկների ակտի ստորագրման եւ ջրաչափերի տեղադրման լայնամասշտաբ ակցիա չկանխատեսեց, սակայն որոշակի չափաքանակով ջրաչափերի տեղադրում խոստացավ: Մայիսի 1-ից ջրահեռացում ունեցող բնակիչները մարզերում 1 խմ-ի դիմաց կվճարեն 140 դրամ, չունեցողները՝ 24.35 դրամով պակաս: Երեւանում ջրամատակարարում-ջրահեռացման 1 խմ-ը կարժենա 125 դրամ, միայն մատակարարումը՝ 114.26 դրամ:

Հաջորդ տարի ընկերությունները պարտավորվում են բարձրացնել վարձավճարների հավաքագրման եւ կորուստների կրճատման ցուցանիշները: