Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամ այսօր ներկայացրին հանրապետություն ներկրվող ապակու եւ սեւ մետաղի շուկայում տիրող մրցակցային վիճակը: Հանձնաժողովի տեղեկանքում ամենաուշագրավ արտահայտությունը հետեւյալն է. «Հաշվի առնելով, որ մետաղատեսակները մեծ մասամբ օգտագործվում են շինարարության մեջ, եւ ներկրման ծավալները աճել են, ապա կարելի է ամրագրել, որ հանրապետությունում տեղի է ունեցել բնակարանային եւ կապիտալ շինարարության ծավալների աճ»:

Հանձնաժողովի տեղեկանքում կան դրույթներ նաեւ ընկերությունների մրցակցային կամ հակամրցակցային հարաբերությունների մասին: Սեւ մետաղ ներկրող ֆիրմաներից մեկը` «Մետեքս» անվամբ, գրավում է գերիշխող դիրք, այսինքն ներկրում է շուկայում սպառվող ամրանների եւ ամրալարերի մեկ երրորդից ավելին` 39.83տոկոսը:

Գերիշխող դիրք ունեցող ներկրողներ կան նաեւ ապակու շուկայում: Թափանցիկ թերթավոր ապակի ներկրող «Գապեքս» ՍՊԸ-ն եւ «Շինարար» արտադրական կոոպերատիվը ներկրում են ապակու 70%-ից ավելին: Այդ գծով զեկուցող, հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը վստահություն հայտնեց, որ երկու ընկերությունները չեն չարաշահում իրենց գերիշխող դիրքը, գին չեն թելադրում եւ մյուս մրցակիցներին չեն նեղում: Համենայն դեպս, մյուս 25 ներկրողներից բողոքներ չկան:

Ապակին ներկրվում է հիմնականում Իրանից եւ Ռուսաստանից, իսկ սեւ մետաղը` Ուկրաինայից, Ռուսաստանից, այլ տեղերից: Մետաղի գծով զեկուցող Սլավա Պետրոսյանը տեղեկություն չուներ` Թուրքիայից ներկրվու՞մ է, թե՞ ոչ: Սակայն մեծածախ խանութների գրեթե բոլոր վաճառողները սեւ մետաղից պատրաստված շինանյութի ծագմանը վերաբերող հարցերին միանշանակ պատասխանում են. «Թուրքական է»:

ՏՄՊ հանձնաժողովին ներկրողները բողոքել են մաքսային վարչարարությունից, հանձնաժողովը որոշել է եռամսյա ուսումնասիրություն կատարել: 2004 թվականի ընթացքում գրանցվել է տնտեսական մրցակցության օրենսդրության խախտման 45 դեպք, իրավախախտները ընդհանուր առմամբ բյուջե են մուծել 7.5 մլն դրամ: Դրանք հիմնականում սուրճի, ալկոհոլի եւ կոնֆետների բիզնեսով զբաղվող ֆիրմաներ են:

Նախորդ տարի տնտեսական մրցակցության սահմանափակում են թույլ տվել նաեւ 4 պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ. գյուղատնտեսության նախարարությունը, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանը, քաղաքացիական ավիացիայի վարչությունը: Այս տվյալները հաղորդեց հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Տիգրան Խեչոյանը: