Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՏՈ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼ ՈՒՆԵՆԱԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2005թ. գավաթի խաղարկությանը մասնակցելու է 17 թիմ, թեեւ գավաթին մասնակցելու ցանկություն էր հայտնել 23 թիմ: Սակայն որոշ ակումբներ չեն վճարել մուտքավճարը եւ ըստ կանոնադարության դուրս մնացին գավաթի խաղարկությունից: Այդ թիմերի կազմում է նաեւ բարձրագույն խումբը ներկայացնող «Լեռնային Արցախը» եւ Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ հանդես եկող «Արարատ-2»-ը, որը հանդես էր գալու 1-ին խմբում:

Փաստորեն, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը 9 թիմերի փոխարեն կարող է անցկացվել 8-ով, իսկ առաջին խումբը 18-ի փոխարեն` 13-ով, եւ արդեն կազմված խաղացանկը լուրջ փոփոխությունների կարիք կունենա: Ակումբների նման սակավություն կարելի է տեսնել միայն ֆուտբոլային հետամնաց երկրներում, որտեղ մի կերպ բարձրագույն խմբի հանդիպումներն են անցկացնում: Աստիճանաբար Հայաստանը նմանվում է այդ երկրներին, քանի որ տարեցտարի ակումբների քանակը եւ որակը պակասում է:

Իսկ գավաթի խաղարկության հիմնական փուլը կմեկնարկի մարտի 14-ին` 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներով: Կմրցեն հետեւյալ զույգերը.«Փյունիկ»-«Միկա-2», «Կիլիկիա»-«Արաքս», «Շիրակ»-«Գանձասար», «Բանանց»-«Աբովյան», իսկ մարտի 15-ին «Արարատ»-«Բանանց-2», «Էսթեղլալ-Կոտայք»-«Փյունիկ-2»,«Դինամո-Զենիթ»-«Էսթեղլալ-Կոտայք-2»: Ընտրական փուլի մեկ խաղ տեղի կունենա մարտի 8-ին,ուր կմրցեն «Երեւան Յունայթեդ»-ՖԻՄԱ թիմերը: Այս զույգի հաղթողի հետ էլ 1/8-րդ եզրափակիչում մարտի 15-ին ուժերը կչափի «Միկան»: