Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱԱՂՔԱՏ, ՏՈՒԺԱԾ ԵՎ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՄԱՐԶԵՐ ՖՈՒՆՏ ՍՏԵՐԼԻՆԳ ԿՍՏԱՆԱՆ

Մարզեր

Երկու տարի առաջ Հյուսիսային Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարությունը Հայաստանի կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել, որով պատրաստակամություն է հայտնել մեր երկրի մարզերին մեկական միլիոն ֆունտ ստեռլինգ դրամաշնորհ տրամադրել:

Երկու տարում տարածքային կառավարման նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են մարզերի խնդիրները: Այդ գործում մասնագիտացած Տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Քեշիշյանն այսօր ասաց, որ գյուղերում նույնիսկ խոսեցրել են աղքատներին՝ իմանալու նրանց տեսակետները, թե ինչպես պետք է հաղթահարել աղքատությունը:

Պատասխաններից գերակշռողը, Արմեն Քեշիշյանի հավաստմամբ, հետեւյալն է եղել. «Մեզ փող տվեք՝ մենք գիտենք, թե ինչ կանենք»: Իսկ մարզերը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի բնորոշմամբ, ընտրվել են՝ «առավել աղքատ, ծայրամասային, ղարաբաղյան պատերազմից տուժած, խեղճ լինելու սկզբունքով»: Այդ չափանիշներին համապատասխանող առաջին երկու մարզերն են Տավուշը եւ Գեղարքունիքը:

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մարզպետները, մի քանի նախարար ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցում էին ֆունտ ստերլինգը արդյունավետ ծախսելու թեմայի քննարկմանը: Ծրագիրը տեւելու է մինչեւ 2007 թվական, կատարումը վերահսկելու է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ այս երկու տարում միայն ուսումնասիրություններ են կատարել, թե որ մարզում կամ համայնքում հատկապես որ խնդիրն է սրված, որպեսզի մեկական միլիոն ֆունտը հենց այդ ոլորտ ուղղվի:

Տասը օրում արդեն կառավարությանը կներկայացվի եզրակացություն, իսկ մինչեւ տարեվերջ երկու մարզերի քաղաքացիները իրենց համայնքում, ըստ նախարարի, փոփոխություն կզգան: Նախարարը համեմատեց, որ սա նախկինում եղած ձեւական ծրագրերի նման չի լինի, այլ շատ կոնկրետ է եւ գործնական: