Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Մշակույթ

Այսօր «Թեքեյան» մշակութային միությունը ամփոփեց հանրապետության մշակութային բնագավառում 2003 թվականին ստեղծված ստեղծագործությունների մրցութային արդյունքները: Գրականության ասպարեզում «Վահան Թեքեյան» մրցանակ շնորհվեց Արմեն Շեկոյանին` «Երեւան հյուրանոց» բանաստեղծական ժողովածուի համար:

Ճարտարապետության անվանակարգում մրցանակը շնորհվեց ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի` «Ճարտարապետական հուշարձանների վերականգնումը» ուսումնական ձեռնարկին:

Հումանիտար գիտությունների անվանակարգում մրցանակը տրվեց Երջանիկ Գեւորգյանի «Հայոց շարժումային բառարան» ստվարածավալ գրքին: Հատկանշական է, որ այս աշխատությունը եզակի երեւույթ է հայոց լեզվաբանության բնագավառում: Ի դեպ, հեղինակն այդ գրքի վրա աշխատել է 25 տարի, ինչի արդյունքում կորցրել է տեսողությունը:

Կինոյի բնագավառում մրցանակակիր ճանաչվեց կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանը՝ Արցախյան պատերազմին նվիրված «Պատերազմ առանց մեկնաբանության» ֆիլմաշարի համար:

Կերպարվեստի ոլորտում հաղթող ճանաչվեց երիտասարդ գեղանկարիչ Գեւորգ Եղիազարյանը՝ «Երկատված կյանք» մեծակտավ աշխատանքի համար:

Հայտեր չէին ներկայացվել, բնականաբար մրցանակներ էլ չտրվեցին թատրոնի եւ երաժշտության անվանակարգերում: