Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԻՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մշակույթ

Ռուսաստանի Նորաձեւության տան տնօրեն Վյաչեսլավ Զայցեւը կանացի հագուստների նոր հավաքածուն աշնանը առաջին անգամ ներկայացնելու է Հայաստանում: 2 տարի է Վյաչեսլավ Զայցեւի նորաձեւության տունը՝ «Ռիվելս» ապրանքանիշով, ստեղծում է միայն տղամարդու հագուստի հավաքածուներ:

«Արմենպրեսի» սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Զայցեւը տեղեկացրեց, որ հագուստները կլինեն նաեւ գեր կանանց համար:

«Գիրությունը պետք է գեղագիտորեն մատուցել»,-ասում էր Վյաչեսլավ Զայցեւը:

Ըստ նրա, իր համար անընդունելի է «մասսայական սպառման» նորաձեւությունը: Պարոն Զայցեւը նշեց, որ իր «ապրանքանիշի համար շատ կարեւոր է որակը»:

Իսկ որքանո՞վ պարոն Զայցեւի հագուստները մատչելի կլինեն հայ գնորդի գրպանին՝ հարցին ռուս մոդելյորը հստակ չպատասխանեց: Ըստ նրա , ինքը երբեք հստակ չգիտի վաճառքի գները:

Ի դեպ, Վյաչեսլավ Զայցեւի ուսանողների մեջ նաեւ հայեր կան:

«Ես ընտրում եմ նրանց, ովքեր շնորհք ունեն, բայց ոչ գիտելիք»,-բացատրեց նա: Երեւանում Վյաչեսլավ Զայցեւը հանդիպել է իր ուսանողուհիներից մեկին՝ Մարինեին, որը պարզվել է հաջողությամբ է Հայաստանում աշխատում, իհարկե անհատ պատվիրատուների հետ:

Ավելացնենք, որ Վյաչեսլավ Զայցեւը լրագրողների հետ հանդիպման էր եկել Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպումից հետո: Նա նշեց, որ ինքը ժամանակին հանդիպել է նաեւ Վազգեն Ա կաթողիկոսի հետ: «Ամենալուսավոր տպավորությունը»,- վերջինիս հետ հանդիպման վերաբերյալ արտահայտվեց Զայցեւը:

Իսկ այսօրվա՝ Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպումից Վյաչեսլավ Զայցեւը ստացել էր, իր բառերով, հոյակապ տպավորություն: