Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՑ ՁԵՌՆՏՈՒ Է ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆ

Քաղաքականություն

«1915-22 թթ Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» ՀՀ օրենքն ընդունելուց առաջ անհրաժեշտ է հստակ սահմանել, ովքե՞ր են մեղավոր հայոց ցեղասպանության իրականացման համար, ո՞ր հոդվածներով կարելի է սահմանել նրանց մեղքը, ո՞վ է ցեղասպանության հետ կապված վնասների պահանջատերը եւ որքա՞ն է այդ վնասի չափը, գտնում է Հայ Դատի գրասենյակի տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ նրա, այս կարեւորագույն դրույթները բացակայում են «Ցեղասպանության մասին» օրենքի նախագծում: «Իրավական դաշտի բացակայության պայմաններում անհնար է որեւէ մեղադրանք առաջադրել ցեղասպանություն իրականացնող պետությանը»,- համոզված է պարոն Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծում Էդվարդ Հովհաննիսյանն առանձնացնում է նշված տարեթվերի անհստակությունը՝ 1915-ից 1922 թվականներ: Նպատակահարմար է պահանջել միայն 1915 թվականի կոտորածի փոխհատուցումը, գտնում է Հայ Դատի գրասենյակի տնօրենը ու շարունակում. «Եթե մենք դրան ավելացնենք նաեւ Քեմալի ժամանակաշրջանը կամ վերադառնանք Աբդուլ Համիդի ջարդերին, ապա դա կլինի ոչ թե ցեղասպանության հետեւանքների, այլ թուրք ժողովրդի եւ թուրքական պատմության դեմ պայքար: Ուստի սխալ է նաեւ օրենքի անվանման մեջ գրել «Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանության» մասին արտահայտությունը»:

Ըստ Էդվարդ Հովհաննիսյանի, «օրենսդիր մարմինը չի կարող Թուրքիայի դեմ որեւէ օրենք ընդունել: Քանի որ ցեղասպանությունը իրականացրել է ոչ թե Թուրքիան իր ամբողջ պատմության ընթացքում, այլ երիտթուրքական կառավարությունը»:

Չնայած այն հանգամանքին, որ օրենքը պարտավոր են ընդունել Եվրախորհրդի անդամ բոլոր երկրները, նրանք Հայոց ցեղասպանությունը ճանաչում կամ չեն ճանաչում, ելնելով զուտ իրենց ազգային շահերից, փաստում է Էդվարդ Հովհաննիսյանը. «Ֆրանսիան ու Եվրոպան չեն ուզում, որ Թուրքիան մտնի Եվրախորհուրդ, ԱՄՆ-ն երազում է, որ Թուրքիան մտնի Եվրախորհուրդ, դրա համար չի ճանաչում հայերի ցեղասպանությունը»: